Բրիտանացի աստղագետները գրանցել են պատմության մեջ ամենահզոր հարվածային ալիքներից մեկը, որը երբևէ Երկիր է հասել տիեզերքի խորքերից։ Այն առաջացել է գալակտիկաներից մեկի բախումից իր չորս հարևանների հետ, ասվում է թագավորական աստղագիտական ընկերության Monthly Notices ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Բախումը տեղի է ունեցել Ստեֆանի կվինտետ կոչվող գալակտիկաների խմբում, որը գտնվում է Երկրից 290 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Ըստ աստղագետների՝ գալակտիկաներից մեկը՝ NGC 7318b-ը, ժամում 3,2 միլիոն կիլոմետր արագությամբ բախվել է չորս այլ գալակտիկաների և ստեղծել չափազանց հզոր հարվածային ճակատ, որը նման է «կործանիչի ձայնային բումին»:
«Ըստ էության, սա հսկայական միջգալակտիկական բեկորային դաշտ է»,- ասել է Միացյալ թագավորության Հերթֆորդշիրի համալսարանի աստղաֆիզիկոս Մարինա Արնաուդովան: Նա «հազվադեպ հնարավորություն» է անվանել մարդկության համար՝ տեսնելու բախվող գալակտիկաների բարդ համակցությունը, որն իր հերթին արժեքավոր տեղեկություններ կտա այն գալակտիկաների ձևավորման մասին, որոնք մենք տեսնում ենք այսօր և կարող ենք տեսնել ապագայում: