Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի շրջանակում նոյեմբերի 24-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կընդունի Ավստրիային:

Ինչպես հայտնել են ԿԳՄՍՆ-ից, հայ բասկետբոլիստները Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ նոյեմբերի 15-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Մարզչի գնահատմամբ՝ Հայաստանի հավաքականը մի շարք առավելություններ ունի, որոնք պետք է առավելագույնս օգտագործել:

«Անկասկած, Ավստրիան ֆավորիտ է: Շատ փորձառու թիմ է, որի կազմում հանդես եկող բասկետբոլիստներն առաջին տարին չէ՝ միասին խաղում են: Դժվար կլինի հաղթանակի հասնելը, բայց մենք ևս մեր առավելություններն ունենք. առավելագույնս պետք է օգուտ քաղենք ու նաև մեր երկրպագուների աջակցությամբ փորձենք հաղթանակի հասնել: Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գեորգի Ղազանչյանը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի հավաքականի առաջատարները՝ Քրիս Ջոնսը, Ալբերտ Թադևոսյանն ու Անդրե Սփայթ Մկրտչյանը, կարող են նաև ԱԱ-ի նախընտրական փուլի լավագույն խաղացողները համարվել:

Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանն էլ երկրպագուներին կոչ է արել գնալ մարզադահլիճ և աջակցել մեր թիմին կարևորագույն խաղում. «Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն: Այնպիսի երկրպագություն, ինչպիսին Հայաստանում է, քիչ երկրներում կարելի է հանդիպել: Նրանց գործոնը շատ կարևոր է, և մեզ շատ մեծ էներգիա են փոխանցում»:

Նա նաև նշել է՝ նախապատրաստական լավ հավաք են անցկացրել և լիովին պատրաստ են նոյեմբերի 24-ին կայանալիք խաղին:

«Բավական երկար ժամանակ ենք ունեցել այս խաղին նախապատրաստվելու համար. այս առումով, թերևս, առավելություն ունենք Ավստրիայի հավաքականի նկատմամբ: Նախապատրաստական լիարժեք փուլ ենք անցել: Մարտական ենք տրամադրված, վերլուծել ենք մեր սխալներն ու աշխատել դրանք շտկելու ուղղությամբ: Լավ ու մրցունակ կազմ ունենք. կփորձենք առավելագույնս հանդես գալ և հասնել դրական արդյունքի»,- ասել է Թադևոսյանը:

Նախապատրաստվելով Ավստրիայի դեմ խաղին՝ Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել Վրաստանի թիմի հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբն ավելի վաղ հրապարակել էր այն բասկետբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն աշխարհի առաջնության նախընտրական փուլի` Ավստրիայի հետ Երևանում կայանալիք հանդիպմանը։

Հայաստանի հավաքականի կազմում են՝ Անդրե Սպայթ Մկրտչյանը, Դանիել Կիրակոսյանը, Դանիել Գևորգյանը, Տիգրան Մկրտումյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Յուրա Մելիքյանը, Քրիս Զոնսը, Զակ Տավիտյանը, Գաբրիել Աճեմյանը, Արտյոմ Թավաքալյանը, Ալբերտ Թադևոսյանը, Արկադի Մկրտիչյանը, Քրիստիան Վիտալը, Կարեն Մելիքյանը:

Հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև Արեգ Վաթյանը և Միքայել Պողոսյանը։ Հայաստան-Ավստրիա հանդիպումը կկայանա մարզահամերգային համալիրում և կմեկնարկի 18։00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ