Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում գործի դրվեց Հեյդար Ալիևի առաջարկած՝ «Մեկ ազգ, երկու պետություն» թեզը, որն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր կոնցեպտներից մեկն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը վերոնշյալի համատեքստում նկատում է, որ հայեցակարգի նպատակն էր մեկ քաղաքական ուժի, պետական համակարգի մեջ միավորել Ադրբեջանն ու Թուրքիան, և որ երկու պետությունների զինված ուժերը միավորվեն, ինչն այսօր, ըստ նրա, իրականություն է:
«Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ արդեն ադրբեջանական և թուրքական զինված ուժերի ինտեգրում ստացվեց, որը կա նաև ներկայում»,- ասում է նա:
Քեռյանի խոսքով՝ հենց դա է նաև պատճառներից մեկը, որ չպետք է զարմանալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվող՝ պարբերական դարձած զորավարժությունների հանգամանքի վրա:
Քաղաքագետը միաժամանակ մանրամասնում է, թե ինչու է այժմ այդ փաստը արժանի ուշադրության:
«Հայաստանի՝ նորագույն տեսակի զինատեսակների գնումը և բանակի ռազմական կարողությունների վերականգնումը շատ մեծ հակազդեցության է մատնում Ադրբեջանը, անգամ վերջինս ունի նպատակ հասնել Հայաստանի դեմիլիտարիզացիայի, որպեսզի երաշխավորված զգա, որ մոտ ապագայում ցանկացած կոնֆլիկտի ժամանակ ՀՀ-ն չի ունենա համապատասխան ռազմական կարողություններ՝ հակադարձելու համար: Որպեսզի ճնշում գործադրեն այս ճակատում, Ադրբեջանը նախաձեռնում և շատ անգամ ակտիվորեն մասնակցում է թուրք-ադրբեջանական զորավարժությունների, և անձամբ Իլհամ Ալիևն է շահագրգռված, որ դրանք լինեն բավականին հաճախ: Կարճ ասած՝ Հայաստանի նկատմամբ ուժի ցուցադրում են՝ «ատամ» ցույց տալու համար: Իհարկե, այստեղ խնդիրը միայն Հայաստանը չէ, գիտենք, որ տարածաշրջանում Ադրբեջանը որոշակի տարաձայնություններ ունի նաև Իրանի հետ, և, բնականաբար, ցանկանում է մեսիջ ուղարկել Իրանին, որ ցանկացած կոշտ բախում Ադրբեջանի հետ կհանգեցնի կոշտ բախման Թուրքիայի հետ»,- կարծում է Քեռյանը:
Դիտարկմանը՝ որևէ կապ տեսնո՞ւմ է, որ հենց այս օրերին, երբ Թուրքիայում ընթանում են թուրք-ադրբեջանական զորքերի հերթական զորավարժությունները, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը, Քեռյանն ասում է՝ միջանցքի հարցը ինչպես տաք է եղել 25-26 տարի առաջ, այնպես էլ այսօր շարունակում է մնալ օրակարգային կարևորագույն հարցերից մեկը:
«Զարմանալի չէ, որ ցանկացած ռազմական կամ քաղաքական համագործակցություն Ադրբեջանի կամ նրա դաշնակից պետությունների միջև, լինի դա Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Իսրայել, Ադրբեջան-Պակիստան, միշտ առաջ են քաշել այս հարցը, նույնիսկ Ադրբեջան-ՌԴ հարաբերություններում այն շատ ցցուն երևում է»,- ասում է նա:
Քաղաքագետի համոզմամբ՝ պայքարի առարկան ոչ թե միջանցքն է, այլ դրա վերահսկողությունը:
«Ռուսական կողմը ձգտում է վերահսկողություն հաստատել, արևմտյան պետությունները ամեն կերպ դրդում են ՀՀ-ին թույլ չտալ ռուսական վերահսկողություն, յուրաքանչյուր պետություն մտածում է իր ազդեցության լծակների, շահերի պաշտպանության մասին, իսկ Ալիևը այդ ամենը կարողանում է շատ հմտորեն օգտագործել, մանևրել և փնտրում է հարմար պահ»,- ասում է Քեռյանը:
Ըստ քաղաքագետի՝ շատ հետաքրքիր է Իրանի դիրքորոշումը, որը ոմանք ընկալում են պրոհայկական, սակայն այստեղ էլ, ըստ նրա, պետք է զգոն ու պրագմատիկ լինել. «Իհարկե, միջանցք չտալու հարցում Իրանը շատ խիստ բացասական դրքորոշում ունի, բայց ոչ թե հայերի «սիրուն աչքերի» համար, կամ Հայաստանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենալու պատրվակով, այլ որովհետև եթե միջանցքն անցի ՀՀ տարածքով, Իրանը կորցնում է Թուրքիայի և Ադրբեջանի վրա որոշակի ազդեցության լծակ, ինչը ձեռք կբերի այն դեպքում, եթե Ադրբեջան-Նախիջևան կապը, ապա նաև Նախիջևան-Թուրքիա կապն անցնի Իրանի տարածքով: Այնպես որ, պետք է զգացմունքային չլինել և չտարվել կեղծ կամ հայրենասիրական կոչերին, այլ պարզապես և՛ միջանցքի, և՛ հայ-ադրբեջանական, և՛ հայ-ռուսական հարաբերություններում լինել իրատես, ունենալ պրագմատիկ մոտեցում, հասկանալ, թե երբ և որ քայլը ինչ օգուտ կարող է բերել Հայաստանին, և այդ «Զանգեզուրի միջանցք»-ն էլ պետք է ծառայեցնել մեր շահերին»: