Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ:

Սարգիս Խանդանյանը կարեւորել է Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին` ընդգծելով, որ մեր երկրի զարգացման հիմքում եվրոպական հիմնարար արժեքներն են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Հանձնաժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը հարեւան երկրների հետ: Այս համատեքստում Սարգիս Խանդանյանը կարեւորել է Ադրբեջանի հետ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ վերջերս ուժի մեջ է մտել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ինչը կողմերի ստորագրած առաջին երկկողմ միջազգային իրավական փաստաթուղթն է:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներին: Նա կարեւորել է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, այդ համատեքստում անդրադարձել է Հայաստանում արեւային էներգիայի զարգացման նախաձեռնություններին:

Անտոն Հոֆրայթերը եւս կարեւորել է երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Նա նշել է, որ Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը մեր երկրին:

Հյուրը նաեւ կարեւորել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ