Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության «պատմական հնարավորությունը»։
Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ Ֆիդանը հայտարարել է, որ Հարավային Կովկասը խաղաղությանը մոտ է, քան երբևէ:
«Մենք ամենաբարձր մակարդակով պահպանում ենք երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության և կայունության և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը», – նշել է նա։
Ֆիդանը հիշեցրել է, որ երկարատև դադարից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ կողմի:
«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստում քննարկել ենք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Երբ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն գա, կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև առևտրի, փոխգործակցության և զարգացման համար կստեղծվեն պայմաններ», — եզրափակել է նա։