Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

Բաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամ դիմել է Ադրբեջանի կառավարությանը և COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը երեք հիմնական պահանջով.

Ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, ԼՂ հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքից, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։

Հայտարարությունը ստորագրել են Բելգիայի հիմանական քաղաքական կուսակցությունները՝ MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit և Groen։ Առաջին երեքի դեպքում հայտարարությունը ստորագրել են անձամբ կուսակցությունների ղեկավարները։

Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտել են, որ որպես COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքների նկատմամբ: Նրանք նաև նշել են իրենց պահանջները՝ հիշեցնելով 2020 թվականի դեկտեմբերի 16-ից հետո Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի և Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևերը։

Այդ, ինչպես նաև 2021 թվականի մայիսից և 2024 թվականի հոկտեմբերից հետո Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևերին համահունչ՝ բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել.

անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը

ապահովել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության՝ ներառյալ վանքերի խաչքարերի անձեռնմխելիությունը։ Զերծ մնալ դրանց ալբանացումից, ինչպես նաև պատմական վերանայումներից

զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետությունում օկուպացված տարածքներից։

Բացի այդ, համահեղինակները Բելգիայի կառավարության պատվիրակությանը կոչ են արել COP 29-ին մասնակցության ընթացքում գործել վերը նշված խորհրդարանական բանաձևերի ոգուն համահունչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ