Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել՝ նրան մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների համար:
Ձերբակալման հրամաններ են տրվել նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաների։
Նեթանյահուն և Իսրայելի այլ պաշտոնյաներն ավելի վաղ դատապարտել էին ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանի կողմից ձերբակալման հրաման ստանալու դիմում ներկայացնելու փաստը՝ դա համարելով «խայտառակ և հակասեմական»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես դատապարտել էր ՄՔԴ դատախազին և աջակցություն հայտնել Իսրայելին՝ նշելով, որ երկիրն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից։
ՄՔԴ-ն հայտնել է, որ ձերբակալման հրահանգ տալու համար պարտադիր չէ, որ Իսրայելը ճանաչի դատարանի իրավասությունը։