Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից 78 միավոր հնդկական ATAGS (Advanced Toved Artillery Gun Sistem) տեսակի հրետանային համակարգ գնել:

Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը՝ նշելով, որ բանակցություններ են ընթանում:

«Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Kalyani Strategic Systems Limited (KSL), Bharat Forge պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակվող հրետանային կայանքների (ATAGS) գնման շուրջ: Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։

Դրանք դրսևորել են բացառիկ հնարավորություններ երկրի տարբեր լանդշաֆտներում։

Փորձարկումները հաստատել են համակարգի ճշգրտությունը մեծ հեռավորությունների վրա, ինչի արդյունքում Հայաստանի իշխանությունները դիտարկել են ավելի մասշտաբային ծավալներով գնումների հնարավորությունը»,- գրել է պարբերականը:

Հայկական բանակը, ըստ պարբերականի, աննշան թարմացումներ է առաջարկել հրետանային համակարգի հետագա ադապտացման համար։

«ATAGS-ի 78 լրացուցիչ միավոր ձեռք բերելու հեռանկարային գործարքը Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող պաշտպանական համագործակցության ևս մեկ հանգրվան է»,- ասվում է հրապարակման մեջ:

ATAGS հրետանային համակարգը հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) և մասնավոր ընկերությունների համատեղ մշակումն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ