Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում։
Նշենք՝ Դավիթ Խուդաթյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը այս տարվա հունվարի 11-ից, իսկ մինչ այդ նա Արմավիր համայնքի ղեկավարն էր:
Օրերս ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: