Կառավարական կաբինետում պաշտոնանկությունների ֆոնին, որոնց թվում է Քննչական կոմիտեի ղեկավարը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման միջոցով բարձրաձայնել է քննիչների և օպեր-լիազորների համագործակցության՝ ոչ արդյունավետ լինելու մասին հարցը:
Վերջինս կարծում է, որ երբ այդ մասնագետները տարբեր կառույցներից են, նրանց համատեղ աշխատանքը չի մոտիվացվում։
«Եթե ուզում ենք արդյունավետ իրավապահ համակարգ, որը կարողանում է հանցագործներին դատարանի առջև կանգնեցնել, պետք է ձերբազատվել օպերատիվ ու քննչական մարմինների արհեստական բաժանումից։ Հանցագործների մեղքը հիմնավորող ապացույցների հավաքագրումը պետք է անի մեկ մարմին»,- գրել է նա։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իոաննիսյանն ասում է՝ օպերատիվ մարմինների և քննչականների առանձնացումը ինքին արհեստական է, որը Սովետական միության ժամանակաշրջանում է արվել. «Այդ ժամանակ օպերները գնում էին ու պարզում, թե ով է հանցագործը, քննիչներն էլ թղթաբանական հարցերով էին զբաղվում՝ գրում-ջնջում։ Մեղավորի մեղքը ապացուցելու խնդիր չկար, դատարանը չէր ասում՝ անմեղ է։ Տանում էին դատարան, դատը լինում էր և վերջ»:
Նրա խոսքով՝ քանի դեռ քննիչն ու օպերը միասին նույն գերատեսչությունում էին աշխատում, նրանց աշխատանքը հանցագործությունը բացահայտելու հարցում տեղի էր ունենում առանց խնդիրների։ Հայաստանի անկախությունից հետո, երբ իրավապահ համակարգը սկսեց զարգանալ, մեծացավ նաև քննիչի դերը, և տվյալ աշխատանքը ինչ-որ պահից սխալ ընթացավ․ «Ճիշտ է, նույն կառույցում էին, պարզապես տարբեր վարչություններում, բայց իրենց աշխատանքը ստացված էր լինում։ Իսկ երբ Աղվան Հովսեփյանին պաշտոն ապահովելու համար ստեղծվեց Քննչական կոմիտեն, և օպերն ու քննիչը առանձնացան, հայտնվեցին տարբեր շենքերում, նաև՝ տարածքներում, իրենց համագործակցությունը սկսեց վատը գնալ։ Քննիչները չմոտիվացված են աջակցում օպերներին, նույնն էլ՝ հակառակը»։
Չնայած դրան՝ Իոաննիսյանը շեշտում է, որ աղմկահարույց դեպքերով իրավապահ համակարգի երկու մասնագետներն էլ ամեն դեպքում օգնում են միմյանց, իսկ այլ հանցագործությունների դեպքում 99․9 տոկոսով լիարժեք բացահայտումներ տեղի չեն ունենում։
«Քննիչը հանձնարարություն է տալիս, որ պարզեն հանցագործության մանրամասները, իսկ օպերը որևէ մոտիվացիա չունի դա կատարելու համար, որովհետև քննիչը իր վերադասը չէ։ Մեկ շաբաթ հետո ասում է՝ ոչ մի բան չեմ հայտնաբերել, շարունակում է աշխատել, հետո տեսնում ենք, որ շատ հանցագործությունների մասով ոչ մի ապացույց ձեռք չեն բերում, ու մեղավորը դատարանի առջև չի կանգնում։ Օրինակ՝ սպանություններ կատարած անձանց 70-ից ավելի տոկոսը երկրում ազատ շրջում է»,- ուշադրություն է հրավիրում նա։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը օրինակ է բերում, թե ինչպես է արևմտյան երկրներում կազմակերպվում քննիչ-օպեր արդյունավետ աշխատանքը։ Վերջինիս խոսքով՝ այդ երկրներում կա միայն դետեկտիվ, որը կատարում է երկու մասնագետի գործառույթները։
Իոաննիսյանը ընդգծում է, որ նոր նշանակված պաշտոնյաները չպետք է խուսափեն համակարգում եղած լրջագույն խնդիրների մասին խոսելուց․ «Նախարարը պետք է լինի այնպիսի մարդ, որ չվախենա վարչապետին ասել՝ եթե ուզում եք որևէ գործ էֆեկտիվ արվի, անկախ անձանցից, Քննչական կոմիտեն պետք է լուծարվի ու լինի ՆԳ նախարարության կազմում։ Սակայն խնդիրն այն է, որ ՆԳ նոր նախարարի նշանակումից զատ, ընտրվելու է նաև կոմիտեի նոր նախագահ, ու ՆԳ նախարարը ամաչելու է ասել՝ Քննչական կոմիտեն արհեստական կառույց է, ոստիկանության բաժնում պետք է ստեղծվի համապատասխան ստորաբաժանում ու լինի մեկ դետեկտիվ»։
Միաժամանակ զրուցակիցը համոզմունք է հայտնում, որ Քննչական կոմիտեն Արգիշտի Քյարամյանի օրոք ձեռքբերումներ գրանցել է։ Այն ռեսուրսներն էլ, որոնք երկու կառույցներին տրամադրել է ՀՀ վարչապետը, նույնպես բավական են եղել, նկատում է նա․ «Ընդամենը պետք է ճիշտ ուղղությամբ աշխատել, այդ ռեսուրսները չպետք է օգտագործվեն քաղաքացիներին բան պարտադրելու համար։ Երբ կամքը լինի, տվյալ գործերում արդյունավետություն էլ կլինի, այս փոփոխությունը պետք է հենց այդ արդյունավետության համար։ Չպետք է վախենանք մեծ փոփոխություններից, իսկ նոր ՆԳ նախարարի դեպքում կարևոր է, որ լավ ձեռքբերումներով գա»։
Առաջին խնդիրը, որին հանդիպելու է ՆԳ նորանշանակ նախարարը, ըստ Իոաննիսյանի, լինելու է ոստիկանական էլիտայի և հանրության շահերի հակադրումը։ Ըստ նրա՝ պետք է կարողանալ հանրության շահերը վեր պահել այդ էլիտայից։