Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

ՀՀ կառավարության նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որշման մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

Խուդաթյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը այս տարվա հունվարի 11-ից, իսկ մինչ այդ նա Արմավիր համայնքի ղեկավարն էր:

Օրերս ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ