Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթղթի՝ Մշտական արբիտրաժային դատարան ներկայացնելուն, որի համաձայն՝ Հայաստանն, իբրև թե, խախտել է էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պարզաբանմամբ՝ այստեղ խոսքը չի գնում որևէ նոր հայցի մասին․ սա դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ի՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա արբիտրաժային ծանուցման ներկայացման մասին է։ Այս վարույթի քննությունն արդեն իսկ մեկնարկել է 2023 թվականին։

«Տեղի է ունեցել առաջին ընթացակարգային նիստը, ձևավորվել է տրիբունալ, որը քննել և ընթացակարգային որոշում է կայացրել, թե ինչպես պետք է վարույթն իրականացվի, և նիստից հետո սահմանվել է նաև ընթացակարգային ժամանակահատվածը, թե կողմերն ինչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրենց գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումները», — նշել են ներկայացուցչությունից։

Վերջինիս բնորոշմամբ՝ սա առաջին փաստաթուղթն է, որը պետք է ներկայացվեր ընթացակարգային որոշումից հետո, և ադրբեջանական կողմը ներկայացրել է իր ամբողջական հայցադիմումը, որովհետև արբիտրաժային ծանուցումը, որպես այդպիսին, գործի մեկնարկի համար ներկայացվող փաստաթուղթ է, բայց հայցադիմումը ներկայացվում է արդեն հետագա փուլերում․ «Սա արբիտրաժային նույն վարույթի շրջանակներում ամբողջական հայցադիմումն է, որը ներկայացվել է Ադրբեջանի կողմից»։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի դիտարկմամբ՝ այս արբիտրաժային վարույթը համակարգվում է Մշտական արբիտրաժային դատարանի կողմից, և եթե նայենք այդ դատարանի կայքում, ապա կտեսնենք, որ կա սահմանված ժամանակացույցը, և ադրբեջանական կողմն ուղղակի ժամանակացույցի համաձայն ներկայացրել է հայցադիմում, որից հետո արդեն հայկական կողմը կանդրադառնա տրիբունալի իրավազորության հարցերին, ինչից հետո կներկայացնի իր դիտարկումներն ու առարկությունները։

«Սա, միգուցե, Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված վերջին որոշումների պատճառով է, որոնցում Ադրբեջանը պարտություն է կրել, և հիմա փորձում է նոր լույսի ներքո ներկայացնել այս գործը, այսինքն՝ զուտ վերահաստատում են այն արբիտրաժային վարույթը, որը մեկնարկել է դեռևս 2023 թվականին», — նկատել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Պարզաբանելով, թե որն է սույն վարույթի բուն էությունը և ինչ ընթացակարգեր են հաջորդելու վարույթի շրջանակեներում՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նշել են, որ այն ներկայացվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա։

«Ադրբեջանական կողմից փորձ է արվում խեղաթյուրել այդ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ խարտիայի նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ», — ընդգծել են գրասենյակից՝ հավելելով, որ հայկական կողմն իր դիրքորոշումն ու դիտարկումները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակներում։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նաև հավելել են, որ, այդուհանդերձ, տրիբունալը դեռևս պետք է ճանաչի, որ գործը քննելու իրավազորություն ունի, ինչպես, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանն էր նման քննություն իրականացրել։

«Կողմերը ներկայացրել էին նախնական առարկություններ և դատարանը պետք է ճանաչեր, որ նա ունի իրավազորություն՝ քննելու այդ վարույթը։ Նմանատիպ կերպով այս դեպքում նաև արբիտրաժային տրիբունալը պետք է ճանաչի իրավազորությունը։ Եթե արբիտրաժը ճանաչի, որ տրիբունալն այս գործը քննելու իրավազորություն չունի, այդ դեպքում գործը հետագա զարգացում չի ունենա»,- նշել են գրասենյակից։

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Մշտական արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը՝ մեղադրելով հայկական կողմին, իբրև թե, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ