Հայաստանի հանրակրթական հաստատություններում անցկացվում են դասալսումներ։ Աշխատանքներն իրականացվում է ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում։
Հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ դպրոցներ են ընդգրկվել դասալսումների ցուցակում։
«Ծրագրի հիմնական նպատակն է խորհրդատվություների միջոցով աջակցել ուսուցիչներին, որ ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դրվածքը, դասավանդման որակն ավելի բարձրանա։ Ընտրված են Մաթեմատիկա և Հայոց լեզու առարկաները։ Հաջորդ տարվա համար նախատեսվում է ավելացնել նաև բնագիտական առարկաները»,- ասել է Բաղդասարյանը։
Նա հավելել է, որ կան խնդիրներ, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում, կան խնդիրներ՝ կարճաժամկետ։ Դրանք բոլորը խմբավորվել են և ներկայացվել շահագրգիռ բոլոր կողմերին։