Պետք չէ «ջայլամություն» անել

Հայաստանի պետական պարտքի թեման վերջին օրերի ամենաթեժ քննարկվող հարցերից մեկն է։ Այս առումով իշխանությունը բավական սուր քննադատության է ենթարկվում։ Այս պահի դրությամբ պետական պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի սահմանագիծը։ 2018-ից սկսած այն գրեթե կրկնապատկվել է։

Ընդհանուր առմամբ, աշխարհում չկա որևէ պետություն, որը չունի պետական պարտք։ Հարցն այն է, թե այդ պարտքից ինչպես են պետությունները օգուտներ քաղում և որքանով է այն նպաստում տվյալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Ցանկացած ժամանակաշրջանում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը միշտ պետական պարտքի թեման օգտագործել են տվյալ օրվա իշխանություններին թիրախավորելու համար։ Այսօր նույնպես ընդդիմության քննդատությունը նույն սկսզբունքով է ընթանում։

Բնականաբար, քաղաքական ուժերն ու հանրությունը միշտ պետք է ուշադրության կենտրոնում պահեն պետության ֆինանսական շարժը, որովհետև, հենց հանրությունն է վճարում պետության պարտքը, սակայն քննադատությունը չպետք է վերածվի դեմագոգիայի, ինչն այսօր նկատելի է։

Ընդդիմությունը քննադատելով իշխանությանը պետական պարտքի կրկնապատկման համար նաև պետք է ազնիվ գտնվի և չշրջանցի այն օբյեկտիվ գործոնները որոնք պետական պարտքի կրկնակի ավելացման պատճառ են դարձել։

2018 թվականից հետո Հայաստանը բախվել է մի շարք արհավիրքների՝ կորոնավիրուս, 44 օրյա աղետալի պատերազմ, սրված անվտանգային խնդիրներ, Արցախի հայաթափում։ Սրանք խնդիրներ են, որոնց լուծման համար հարկավոր են եղել լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Հայաստանը աղքատ երկիր է։ 30 տարի շարունակ Հայաստանի աղքատ տնտեսությունը թալանվել է բառի ուղիղ իմաստով։ Ենթակառուցվածքները քայքայվել են, իսկ նորերը գրեթե չեն կառուցվել։ Դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, գյուղերի ու քաղաքաների կառուցման համար գրեթե ոչինչ չի ծախսվել, իսկ 44 օրյա պատերազմի ժամանակ գրեթե ամբողջովին ոչնչացվեց Հայաստանի սպառազինությունը։ Արցախը հայաթափվեց է և 120 հազար անտուն մարդ տեղափոխվեց Հայաստան։ Սրանք խնդիրներ են, որոնք հրատապ լուծման կարիք են ունեցել։ Հետևաբար՝ խոսել պետական պարտքի մասին, քննադատել իշխանություններին ու չնկատել, կամ շրջանցել այս խնդիրները առնվազն անարդար է։

Մինչև 2018 թվականը Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 7 մլրդ դոլար։ Այդ պարտքը Հայաստանը կուտակել է մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը համեմատաբար հանգիստ էր, Արցախում պատերազմ չկար, և եթե հավատանք այդ ժամանակաշրջանի իշխանություններին՝ Հայաստանը կովկասյան վագրի ցատկերով առաջ էր ընթանում։ Այս դեպքում շատ պարզ տրամաբանական հարց է առաջանում, եթե այն ժամանակ այդքան լավ էր, ապա ինչու էր Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը այդքան վատը։ Իսկ պատասխանը շատ պարզ է, որովհետև նախկինում Հայաստանը պարտք էր վերցնում, որպեսզի կարողանար ծածկել թալանի հետևանքով առաջացած բացերը, այլ ոչ թե լուծեր որևէ գլոբալ խնդիր։ Երկրի ներսում թալանում էին, հետո պարտք էին վերցնում, որպեսզի մի մասը կրկին թալանեին, իսկ մյուս մասով էլ հոգային սոցիալական մինիմալ ծախսերը։ Սա է իրականությունը։ Այս իրականությունը չտեսնելը և դեմագոգի պես ամբողջ օրը խոսել պետական պարտքի ավելացման մասին նշանակում է ջայլամություն անել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ