ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար:
«Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար»,- գրել է Կառավարության ղեկավարը:
Նշենք՝ Դավիթ Խուդաթյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը այս տարվա հունվարի 11-ից, իսկ մինչ այդ նա Արմավիր համայնքի ղեկավարն էր:
Օրերս ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: