Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Թեհրան՝ մասնակցելու երկրի ՊՆ և Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի միջև Ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ռազմատեխնիկական աջակցության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ֆարիդ Ալիևը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մոհամմադրզա Աշտիանիի հետ։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի ռազմական կառույցների միջև համագործակցության զարգացման հարցեր։
Եզրափակելով՝ ստորագրվել է արձանագրություն, որը պարունակում է հոդվածներ համագործակցության այն ոլորտների վերաբերյալ, որոնց շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։