Ինչ կենսագրություն ունի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

Այսօր, վարչապետի որոշմամբ, Արփինե Սարգսյանը, ով զբաղեցնում էր ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, նշանակվեց ՆԳ նախարար:

Արփինե Սարգսյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, Վեդի քաղաքում։ 2010-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ 2015-2017 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է գերազանցության դիպլոմ։ 2015 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ, մեկ տարի անց՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող։
2016 թվականի հունվարից-հունիս Արփինե Սարգսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական, 2016-2019 թվականներին՝ նույն նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, որից հետո՝ առաջատար մասնագետ։ 2017 թվականից Արփինե Սարգսյանը հանդիսանում է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող։ Նույն թվականից մինչև 2022 թվականը նա եղել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ։ 2017 թվականից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ է։ 2018 թվականին Արփինե Սարգսյանը վերապատրաստել է Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների[2]։
2019 թվականի ապրիլից մինչ 2022 թվականի հունվար Արփինե Սարգսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ, նույն թվականի ապրիլից-նոյեմբեր՝ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ, որից հետո՝ մինչև 2020 թվականի հուլիս՝ նույն նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ, ինչպես նաև համակարգել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի լրամշակման, նոր օրենսգրքերին ՀՀ օրենսդրական ամբողջ դաշտի հարմոնիզացման աշխատանքները, կազմակերպել և համակարգել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առաջին ռազմավարության մշակման և իրականացման գործընթացը։
2020 թվականի հուլիսից մինչ 2022 թվականի հունվար Արփինե Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը։ 2022 թվականին նա եղել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության մրցութային հանձնաժողովի նախագահը, 2022 թվականին «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցի քննարկման ժամանակ եղել է համանախագահ։
2022 թվականից Արփինե Սարգսյանը Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային բազմաշահառու խմբի ղեկավարն է, մասնակցել է Ոստիկանության ոլորտի 2020-2022 թվականների բարեփոխումների ռազմավարության իրականացման, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։ 2022-2023 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհրդի ղեկավարը։ Նույն ժամանակաընթացքում Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ՀանրապետությանՀ կառավարությունը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեում և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում։
2022 թվականի հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ