Ինչով է կարևոր վարչապետի այցը Վատիկան, և ինչ կարող է տալ այն ՀՀ-ին. Առաքելյանը առանցքային կետեր է թվարկում

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կաևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սուրբ Աթոռ և հանդիպումը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

«Հռոմի պապի հետ ցանկացած հանդիպում, կամ Հռոմի պապի ցանկացած այց որևէ երկիր ոչ միայն կրոնական միջոցառում է, այլ նաև քաղաքական ազդեցություն ունի: Ե՛վ հոգևոր, և՛ քաղաքական առումով ամենաազդեցիկ կառույցն է: Նման այցելությունը կարևոր է հատկապես Ադրբեջանի ակտիվության ֆոնին, և հույս ունեմ, որ այս այցելությունից հետո Վատիկանը որպես քրիստոնյա աշխարհի առաջնորդող կառույց ավելի չեզոք դիրքից անցում կկատարի, եթե չասեմ՝ պրոհայկական, ապա գոնե քրիստոնեության պրիզմայով կնայի նաև Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ այս հանդիպումը նաև կարևոր է վերջին շրջանում Ադրբեջան-Վատիկան հարաբերությունների ակտիվացման ֆոնին:

«Ադրբեջանը վերջին շրջանում բավականին ակտիվ է Վատիկանի հետ հարաբերություններում, և, եթե չեմ սխալվում, Հեյդար Ալիևի ֆոնդը այնտեղ որոշակի կառույցների վերականգնման՝ ռեստավրացիայի համար ներդրումներ է արել: Միևնույն ժամանակ, չնայած այդ ամենին՝ Հռոմի պապը, կարծում եմ, կարող է օգտագործել իր հեղինակությունը, դիմել Ադրբեջանի իշխանություններին՝ գերիների ազատ արձակման հետ կապված»,- նկատում է Առաքելյանը:

Զրուցակիցը կարծում է, որ պակաս կարևոր չէ նաև Վատիկանի դերը խաղաղության համատեքստում. «Շատ կարևոր է նաև Վատիկանի դերը Արցախում հայ-քրիստնեական ժառանգության պահպանության տեսանկյունից: Այո, Վատիկանը կարող է հանդես գալ և օգտագործելով իր հեղինակությունը՝ դիմել Ադրբեջանին, պահանջել կամ հորդորել, որպեսզի պահպանեն հայկական պատմական-քրիստոնեական ժառանգությունը, որոնք ցավալիորեն ոչնչացվում են»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Մայր Աթոռի բարձր հոգևոր դասը քաղաքական իշխանությանը, մասնավորապես երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում և նրա հասցեին հնչեցնում տարբեր պիտակավորումներ, մինչև անգամ անվանում «նեռ», զրուցակիցն ասում է. «Ես դրան անլուրջ եմ վերաբերվում, և ընդհանրապես նման խոսույթը հակաքրիստոնեական է, առավել ևս՝ հոգևորականի շուրթերից, և, բնականաբար, դրան նույնիսկ չի հավատում նման արտահայտություն անողը: Մինչև Վատիկան գնալը ՀՀ վարչապետը մասնակցում էր Մայր Աթոռի վերաօծման արարողությանը, հետևաբար, այն, ինչ ասում է կոնկրետ այդ մարդը (-խմբ. նկատի ունի Վազգեն (Բագրատ) Գալստանյանին), դրա հետ համամիտ չեն նաև իր իսկ բարձրաստիճան հոգևոր ընկերները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ