Իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ զրուցել ենք երեկ հրաժարական տված պաշտոնյանենրի, նրանց հրաժարականների պատճառների և այլ հարցերի շուրջ։
Հարցին, թե սպասելի՞ էին արդյոք այս հրաժարականները, իրավագետն ասաց, որ իր կարծիքով, սկսած այն պահից, երբ խորհրդանշական կերպով վարչապետը սափրեց իր մորուքը, իր համար դա նաև որպես քաղաքական սիմվոլիզմին բավականին մեծ տեղ տվող անձնավորություն, դա որոշակիորեն իր համար նախանշեց նոր շրջափուլ հետհեղափոխական Հայաստանում։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս պաշտոնանկությունները խորհրդանշում են կարծես կառավարման համակարգում էական փոփոխությունների մի ժամանակաշրջան և պետք է որ այսքանով պաշտոնանկությունները չկանգնեն, որովհետև կան ոլորտներ և կան անձինք, որոնք կարծես թե իրենց տեղում չեն։
Հարցին, թե ըստ նրա, որո՞նք կարող էին լինել հրաժարականների պատճառները, Արտաշես Խալաթյանն ասաց․ «Ներքին խոհանոցին բնականաբար ինձնից լավ տիրապետող անձինք կան։ Ես կարող եմ արդյունքներով դատել՝ անկախ ամեն ինչից, դատաիրավական համակարգը մնում է հանրության մոտ ամենից մեծ հարցականներ առաջացնող ոլորտը և դատաիրավական համակարգն այն ոլորտն է, որի հետ այս կամ այն կերպ առնչվում են թերևս մեզանից յուրաքանչյուրը։ Ընդ որում, խոսքը միայն դատարանների մասին չէ, խոսքը նաև հանրային ծառայությունների մասին է, դա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունն է, դա ռեգիստրն է, կադաստրն է և այլն։ Ընդհանուր առմամբ արդարադատության էլեկտրոնային կառավարման համակարգը, որ մասամբ ներդրվել է, մեծ խնդիրներ է առաջացնում։ Կա ընդհանուր առմամբ տեխնիկական լուրջ խոտան՝ այդ օնլայն սպասարկման ոլորտում, կան չհիմնավորված հերթեր՝ նույն ռեգիստրում, հանրային ծառայություննների սպասարկումն իրականացնող մարմիններում»,- նշեց իրավագետը։