Ինչպե՞ս են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնության մասնակից մարզիկները. Արման Դավթյանը պարզաբանել է

Ինչու ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայ ուժեղագույն մարզիկներ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը չեն ընդգրկվել ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության ՀՀ թիմում:

Մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանն ասաց, որ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի Զինված ուժերը։

«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ։

Հայաստանի Զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացվելու է այս առաջնությանը, ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, նրանք նույնպես բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են, քանի որ մարզական վաշտ զորակոչվելու համար անհարժեշտ են համապատասխան մարզական տվյալներ։ Ակնկալում եմ՝ մեր բոլորի աջակցությունը մեր բոլոր զինվորներին, որպեսզի կարողանան էլ ավելի լավ հանդես գալ, ձեռք բերեն մեդալներ»,- մանրամասնեց Դավթյանը։

Հարցին՝ արդյոք այդ մարզիկները մարզական վաշտի զինծառայող չե՞ն, Արման Դավթյանը պատասխանեց.

«Նրանք լիարժեք զինծառայողներ են, մարզական վաշտի զինծառայողներ են, սակայն ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը նախատեսած ունի սահմանափակումներ նաև զինծառայողների համար։ Այդ զինծառայողները, եթե այսօր չեն մասնակցում աշխարհի առաջնությանը, դա չի նշանակում, որ նրանք չենք կարող մասնակցել աշխարհի հաջորդ առաջնությանը, երբ նրանց տվյալները կհամապատասխանի կանոնադրությամբ սահմանված տվյալներին»։

Գնդապետ, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ Ռոլիմ Նիլտոնն ասաց, որ որոշ երկրներ ունեն նաև իրենց ընտրության չափորոշիչները։

«Որոշ որոշումներ կան, որոնք մեր՝ սպորտի բաժնի ղեկավարներիս ձեռքում չէ։ Հնարավոր է, օրինակ, ազգային ռազմավարություններ լինեն, որոնցով առաջնորդվել է պետք։ Բայց կարելի է իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկել. փորձեք տեսնել ինչ մարզիկներ են մասնակցում ու փորձեք նրանց սատարել»,- նշեց նա։

Ինչպե՞ս են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնությանը մասնակից մարզիկները: Դավթյանն ասաց, որ հաշվի են առնվում երկու ասպեկտ՝ զինորականներին ներկայացվող պահանջները, նրանց մարզական պահանջները։

«Փորձել ենք ընտրել լավագույններին օրինականության շրջանակում։ Կա թույլատրելության և ուժեղության հարց։ Թիմի կազմը չի որոշել Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմի կազմն ընտրվել է կոլեկտիվ՝ պաշտպանության նախարարության մասնագետների և պաշտպանության նախարարության պատասխանտուների միջոցով»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ