Հրաժարականների շարք․ Նիկոլ Փաշինյանի կարևոր քայլը

Երեկ հրաժարականներ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կաբինետի 6 առանցքային պաշտոնյանները`Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տվյալ բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմումներ գրել են իր խնդրանքով։ Ըստ Փաշինյանի՝ պատճառներն անձնային չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։

Նիկոլ Փաշինյանը աղմկոտ պաշտոնանկությունների մասին անուղղակի ակնարկել էր կառավարության վերջին նիստի ժամանակ։ Այդ նիստի ընթացքում կառավարության ղեկավարը բավական սուր ելույթ ունեցավ, նշելով, որ շատ դեպքերում պետական ծրագրերի ընթացքի մասին իրեն սխալ են զեկուցում։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի հայտնի ելույթը նրա մասին էր, որ գործադիրում կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են դեմագոգիայով։

2018 թվականից անցել է ավելի քան 6 տարի, այս ընթացքում հեղափոխականի դիմակով բազմաթիվ մարդիկ են հայտնվել պետական համակարգում, որոնց անբավարար աշխատանքը վաղուց լցրել էր հեղափոխական հանրության համբերության բաժակը։ Հեղափոխության առաջնորդը՝ իր համբերության բաժակը լցվելու մասին բարձրաձայնեց միայն օրեր առաջ, խոստովանելով, որ իր կաբինետում կան մարդիկ, որոնք հեղափոխությունն օգտագործել են ընդամենը սեփական կարիերան և կյանքի պայմանները բարելավելու համար։

Բնականաբար խոսքը միայն հրաժարական տված բարձրաստիճան պաշտոնյաների մասին չէ։ Նախկինում էլ են եղել գործիչներ, որոնք առաջին հայացքից իրենց ներկայացրել են որպես հեղափոխականներ, սակայն հետագայում, որսալով հարմար պահը, կամ ծլկել են պատասխանատվությունից, կամ ապրել են դեմագոգիայով և ոչ թե աշխատելով։

Պաշտոնանկությունների այս շքերթին Փաշինյանի կողմնակիցները վաղուց էին սպասում։ Նախևառաջ սպասում էին, որովհետև արդեն վաղուց ակնհայտ էր, որ շատ չինովնիկներ պետական համակարգում տեղավորվել են զուտ իրենց կյանքի բարեկեցությունն ապահովելու համար։

Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ չի հանդուրժելու նման գործելաոճը, հատկապես, որ այն հարվածի տակ է դնում պետականամետ մտածելապերպի մասին իր խոսույթը։

Սա նաև ինչ-որ առումով ազզդակ է, որ երկրի առաջնորդը վերանայում է իր քաղաքականությունը և անձամբ իր իր պատկերացումները պետության, կամ իր բառերով ասած՝ իրական Հայաստանի մասին։

Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է խոսում պետականամետ մտածելակերպի և իրական Հայաստանի ընկալումների անհրաժեշտության մասին, սակայն երկրի առաջնորդի խոսքն ու գործը չպետք է տարբերվեն իրարից։ Պաշտոնանկությունների այս շարքը թերևս խոսքից գործի անցնելու Փաշինյանի կարևոր քայլերից մեկն է, սակայն, այս քայլերը արդյունք կունենան, եթե նպատակը համակարգային լուծումների գնալն է, ինչպես այսօր նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սա պետք է ազդակ դառնա նաև մյուս բոլոր պաշտոնյաների համար, անկախ աստիճանից, որ պետականամետ մտածելակերպը չպետք է կառուցվի դեմագոգիայի վրա, պետականամետ մտածելակերպը աշխատանք է, աշխատանք, որի արդյունքը պետք է տեսնեն հենց նրանք, ովքեր 2018 թվականին փողոց էին դուրս եկել պետություն կառուցելու ակնկալիքով և ոչ թե դեմագոգների սոցիալական վիճակը բարելավելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ