Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ակնհայտորեն նեղն է ընկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին civic.am-ի լրագրողի հնչեցրած հարցից և որոշել է անախորժ հոգեվիճակը ցրել՝ անտեղի հոլովելով ու անարգելով ԶԼՄ-ի անունը։ Այո՛, միայն այն հանգամանքը, որ «civic.am» անվանումը դուրս է պրծել իրեն քաղգործիչ համարող Վարդանյանի շուրթերից, ոչ այլ ինչ է, քան՝ մեծագույն անարգանք civic.am-ի հասցեին։
Բայց քանի որ Վարդանյանին հարց հղելու պատեհություն ենք ունեցել, հարկ ենք համարում անդրադառնալ նրա ռեակցիային՝ հարցի պատասխանին նախորդած ռեպլիկի տեսքով։ «Ինձ լրագրողները միշտ հորդորել են, խնդրել են՝ չարհամարհել civic-ի լրագրողներին և հարցերին պատասխանել, հիմա չգիտեմ՝ ինչպես վարվեմ։ Լրագրողներին հարգում եմ՝ civic-ին՝ ոչ»։
Անկեղծ ասած, մենք ՀՅԴ-ին հարգել-չհարգելու և կամ արհամարհելու խնդիր չունենք, ոչ էլ որևէ սուբյեկտի հորդորում կամ խնդրում ենք հարգել կամ արհամարհել սույն կազմակերպությանը։ ՀՅԴ-ն իր նախկին և ներկա անդամներով մի կուսակցություն է, որի անցած ճանապարհի ու ներկայի գործունեության գնահատականը լավագույն կերպով տվել է ՀՀ քաղաքացին՝ համապետական ընտրությունների ժամանակ տված իր քվեի տեսքով։
Բայցևայնպես, ինչո՞ւ նախկին խմբագիր Վարդանյանը չի հարգում civic-ին, ի՞նչն է, որ նրան դառնացրել կամ ցավեցրել է կայքի գործունեության մեջ, ո՞ր հրապարակումը կամ բացահայտումը։ Գուցե կայքի «պադվալներում» (ինչպես օրերս ասաց գործող դաշնակցական Լիլիթ Գալստյանը) ժամանակակից «տեխնոլոգիաների կիրառմամբ սարքված» (ինչպես պնդում են դեռևս գործող որոշ այլ ՀՅԴ-ականներ) սկանդալային «004» շրջաբերականում տեղ գտած հոգեցունց թեզերն ու պատկերացումնե՞րը ՀՀ-ի ներկայի ու ապագայի վերաբերյալ՝ պատռելով 134-ամյա կուսակցության՝ արդեն ցեցոտած դիմակը։
Իհարկե, Վարդանյանը կարող է առարկել, որ ինքը ՀՅԴ-ի պահով «նեղվելու չունի», քանի որ թղթերով այլևս կապ չունի՝ հեռացվել է կուսակցությունից։ Բայց հո գիտե՞նք, որ «դաշնակի նախկինը չի լինում», ինչպես որ չի լինում տանձի կամ մեղրի մասին երգ չգիտեցող արջ։ Պարզապես Վարդանյանն ու դաշնակցությունն էլ գիտեն, որ եթե անգամ իրենց քաշով մեկ մեղր դառնան, և ոչ մի արջի․․․ «տանձին չեն»։ Բացի, իհարկե, քաղաքական անդաստանի «միակ արջազգի» Ռոբերտ Քոչարյանի «տանձից»։
Մնում է «պադվալներում» «»սխոդկաներ» անցկացնեն, մահապարտներ հավաքագրեն, որ նորից հագուրդ տան մեղրի, ներողություն՝ արյան նկատմամբ իրենց ունեցած անհագուրդ ծարավին։