Ինչպես հայտնել ենք, ՀՀ ներքի գործերի նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել:
Իր հրաժարականի վերաբերյալ վերջինս հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:
Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։
Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: