Կխնդրեմ, որ պարոն Վարդանյանն Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներից ավելի քիչ մանրամասներ ներկայացնի, դա էսթետիկորեն տհաճ է. Ալեքսանյան

«Վազգեն Սարգսյանից ավելի շատ վախենում էին Վազգեն Սարգսյանի սպանությունը կազմակերպողներն ու պատվիրողները»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը վախենում Վազգեն Սարգսյանից՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Խոսելով խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունների մասին՝ Ալեքսանյանն ասաց. «Ես կխնդրեմ, որ պարոն Վարդանյանն իրենց խմբակցության Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներից փոքր-ինչ ավելի քիչ մանրամասներ ներկայացնի հանրությանը, դա էսթետիկորեն բավականին տհաճ է: Ինչ վերաբերում է մահապարտներին ու սպանության փորձերին, հազար ներողություն Աղվան Վարդանյանը մի նախկին դաշնակցական է, ում կոլեգա նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի սպանությանը:

Դաշնակցությանը հարող ու սատարող ուժեր ռումբեր են տեղադրել ՔՊ-ի գրասենյակի դիմաց, նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց, պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարևանի տան դիմաց, քանի որ ընդդիմադիր ապիկարության շրջանում այդքան խելք չեն ունեցել, որպեսզի կարողանան տարբերել այդ մարդկանց հասցեները: Ես կարծում եմ, երբ պարոն Վարդանյանը խոսում է սպանությունների մասին վախերից կամ առհասարակ մահապարտների ու մնացածի մասին խոսույթից, պետք է առնվազն հասկանա, որ այդ ամեն ինչն առնվազն որոշակի, բայց հիմք ունի, էլ չեմ խոսում 220 հազար ռուբլիով պետական հեղաշրջման փորձ նախապատրաստողների մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ