Հանրակրթության վարչության կողմից Երևանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ ուսումնական տարվան ընդառաջ կայացած խորհդակցության շրջանակում ներկայացվել է անգլերենի խմբակներ կազմերպելու անհրաժեշտությունը, քննարկվել են վերջիններիս գործարկման տարբերակները:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետի համապատասխան հանձնարարականին:
«Արդյունքում ընթացիկ ուսումնական տարում Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ուսուցման խմբակներ ինչպես տարրական դասարանի, այնպես էլ հիմնական և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ 4,000-ից ավելի սովորողների ընդգրկմամբ»,- տեղեկացրել է Խաչատրյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ դա շատ կարևոր հարց է:
«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն, որով երևանյան դպրոցներում մենք ժամանակի ընթացքում ավելացնում ենք անգլերենի խմբակները: Հավատացած ենք՝ անգլերենի իմացությունը դպրոց ավարտող աշակերտների համար առաջնային է»,- ասել է նա:
Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին Երևանի քաղաքապետարանը շարունակաբար Երևանի բոլոր դպրոցներում շարունակելու է ավելացնել անգլերենի խմբակները:
«Ես կարծում եմ, որ մեր աշակերտները Երևանում դպրոց ավարտելիս պետք է հստակ բավարար մակարդակով անգլերենի իմացություն ունենան: Դրանով մենք ստեղծում ենք ավելի շատ հնարավորություններ քան ավելի շատ այլ կարևոր, բայց ավելի ածանցյալ ծրագրերով»,- ասել է նա: