Միջազգային տուրիստական պարբերականներից մեկը՝ Lonely Planet-ը, ներկայացրել է 2025 թվականի համար լավագույն 10 երկրների պարտադիր այցելությունների իր ցուցակը: Ցուցակի մեջ տեղ է գտել Հայաստանը:
Մեր երկրի հետ ցուցակը գլխավորում են այնպիսի երկրներ, որոնք այդքան էլ հայտնի չեն, ինչպես նաև՝ տուրիստական այն հիմնական ուղղությունները, որտեղ սովորաբար ճամփորդում են զբոսաշրջիկները։ Պարբերականը նշվում է, որ Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Մալդիվներից զատ, պարտադիր այցելությունների երկրներ են Կամերունը, Լիտվան, Ֆիջին, Լաոսը, Ղազախստանը, Պարագվայը, Տրինիդադ և Տոբագոն, Վանուատուը և Սլովակիան։
Նկատենք, որ երկրների այս ընտրությունը, սակայն, շատերին զարմացրել է, նույնիսկ՝ ծիծաղելի է թվում։
«Ռիմա թրավել» զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ ծաղրանքը կամ զարմանքը այս պարագայում տեղին չեն՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պարբերականը անհրաժեշտություն է գտել Հայաստանը համարել պարտադիր այցելելու երկիր։ Ըստ նրա՝ մեր երկրում իրոք զբոսաշրջիկները տեսնելու շատ բան ունեն:
«Մենք հյուրընկալ ազգ ենք, շատ բան ունենք ցույց տալու։ Տեսարժան շատ վայրեր կան․ Կոնյակի և գինու գործարանը, Տաթևն ու նրա ճոպանուղին, Թռչնի քարայրը և այլն: Զբոսաշրջիկը պետք է հիացած գնա այստեղից։ Մեկ զբոսաշրջիկը կարող է նպաստել, որ 300 զբոսաշրջիկ գա Հայաստան։ Մեկ անգամ պետք է տեսնել առաջին քրիստոնյա ազգի երկիրը։ Լինում է, որ հային ճանաչեն՝ Հայաստանի տեղը չիմանալով, ուստի այս միջոցները պետք է նպաստեն, որ Հայաստան ավելի շատ մարդիկ այցելեն»,- ասում է նա։
Ըստ զրուցակցի՝ այն երկրները, որոնք հայտնի են ու արդեն իսկ ճանաչված, դա է պատճառը, որ ցուցակում չեն ընդգրկվել։ Ներառվել են երկրներ, որոնք զբոսաշրջության կարիք ունեն։
Միևնույն ժամանակ Ռիման նկատում է՝ մեծ ջանքեր են պետք ներդնել, որպեսզի զբոսաշրջիկը գա տվյալ երկիր։ Ըստ նրա՝ այս տարի զբոսաշրջության ոլորտը շատ դժվարություններ է ունեցել:
«Զբոսաշրջիկների աճը նախորդ տարվա համեմատ նվազել է, դա պայմանավորված է գների բարձրացումով։ Հյուրանոցի, տրանսպորտի գները բարձրացել են, մինչդեռ զբոսաշրջիկը պետք է գա հանգիստը վայելելու, ոչ թե այստեղից գրպանները թալանված գնա։ Մեկ զբոսաշրջիկը մեզ մոտ ծախսում է 2000 դոլար ամենաքիչը, նախկինում՝ 800 դոլար։ Զբոսաշրջիկը նախընտրում է էժան տուր»,- ասում է նա:
Զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրենի խոսքով՝ զբոսաշրջիկն այն մարդն է, որը հյուրանոց է ամրագրում, տուր է վերցնում, ոչ թե նրանք, ովքեր գալիս են իրենց ազգակիցներին տեսնելու կամ որևէ միջոցառման մասնակցելու համար։
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը նույնպես դրական է գնահատում Հայաստանի՝ այդ ցուցակում ընդգրկվելը։ Ըստ նրա՝ վատ բան չէ, որ մեր երկիրը միջազգային պարբերականը համարում է պարտադիր այցելության վայր։ Վերջինիս խոսքով՝ մարքեթինգային լեզվով ասած՝ սա օգնող քայլ է՝ զբոսաշրջիկը կտեսնի Հայաստանի անունը, կհետաքրքրվի երկրով ու կգա։
Միևնույն ժամանակ Սոլոմոնյանը նկատում է. «Զբոսաշրջությունը բավական նվազում է այս տարի, քանի որ Հայաստանում զբոսաշրջային փաթեթները շատ են թանկացել։ Դա կապված է դրամի արժևորմամբ, աշխարհաքաղաքական խնդիրներով։ Հիմա մեր երկիրը տարածաշրջանում ամենաթանկ ուղղություններից մեկն է դարձել։ Ապրանքի գինը թանկանում է, գնորդները պակասում են։ Նախկինում մեզ այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունը գալիս էր ՌԴ-ից, հիմա դա էլ է նվազում, ենթադրաբար՝ կապված քաղաքական պատճառներով։ Գուցե ՌԴ-ից արվում են քայլեր, որ այնտեղից քիչ զբոսաշրջիկներ լինեն, նաև ռուս սպառողը տնտեսապես լավ վիճակում չէ, դրա համար գնում են ավելի էժան ուղղությամբ»:
Վերջինս կարծում է, որ հանգիստը մեր երկրում մատչելի չէ նաև մեր քաղաքացիների համար։
«ՀՀ քաղաքացիների համար հանգիստը մատչելի է Վրաստանում, Եգիպտոսում և այլն։ Արդեն հերթեր կան Վրաստանում Ամանորը նշելու համար, իսկ մեզ մոտ հյուրանոցները շատ թանկ գին են առաջարկում։ Միջին ընտանիքը այստեղ Ամանորը նշելու համար պետք է ծախսի մեկ միլիոն դրամ, մինչդեռ այդ գումարով կարող է երկրից դուրս գալ ու այնտեղ նշել»,- ասում է նա։
«Հայկական ժամանակ»-ը նաև փոքր հարցում է անցկացրել՝ հասկանալու համար ՀՀ քաղաքացիների կարծիքները մեր երկրում զբոսաշրջության մասին։ Քաղաքացիները դրական են գնահատում այն փաստը, որ միջազգային պարբերականը Հայաստանը համարել է պարտադիր այցելվող վայր: Միևնույն ժամանակ նրանցից շատերը ևս նկատում են՝ վերջին շրջանում Հայաստանում որոշ հյուրանոցներ բարձրացրել են գները, ուստի նախընտրել են հանգիստն անցկացնել երկրից դուրս։
«Իրականում այդ փաստը շատ կարևոր է, ի վերջո, զբոսաշրջիկը կկարդա, կհետաքրքրվի ու գուցե ցանկանա լինել այստեղ։ Ինչ-որ առումով դրական է անդրադառնալու մեր երկրի վրա, ինձ թվում է՝ պետք է հնարավոր ամեն բան անել, որ հայտնվենք նման ցուցակներում։ Իսկ ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ մեզ մոտ հանգիստը թանկ է։ Եթե ուզում ես որևէ տուրով գնալ ՀՀ-ի որևէ վայրը տեսնելու, շատ թանկ է։ Օրինակ՝ Գյումրի մեկնելու համար առաջարկում է փաթեթ 9000 դրամ արժեքով, բայց քիչ ժամանակով ու վայրեր շրջելով, իսկ որ դու ինքդ քո մեքենայով կամ միջոցներով ես գնում, ծախսն ավելի արդարացված է լինում»,- մեզ հետ զրույցում ասում է քաղաքացի Մարիետա Բարսումյանը։
Օֆելյա Խաչատրյանի խոսքով էլ՝ հաճելի է, երբ երկիրը նմանատիպ գնահատականի է արժանանում․ «Դա տեսնում են Եվրոպայում, հետաքրքրվում։ Հիմա մարդիկ հոգնել են նախկինում ավելի հայտնի վայրերից։ Ես ինքս էլ նախընտրում եմ այցելել ոչ հայտնի վայրեր»։
Քաղաքացի Աղասի Կարապետյանի կարծիքով էլ՝ պետք է նպաստել, որ մեր երկիրը զբոսաշրջիկների մեծ հոսք ունենա. «Ես ինքս նախընտրում եմ այս տարի հանգիստը (թեկուզ Ամանորը) անցկացնել Հայաստանում ու կարծում եմ, որ ճիշտ քայլ է»:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ տվյալներ օրերս հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203 հազար 810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195 հազար 396-ի համեմատ։
Հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):