Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Շիրակի մարզում հուլիսի 26-ին վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնել է տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Մեղադրյալներ Արմեն Տոնոյան (ՀՀ քրեական օրենսգրքի 342֊րդ հոդվածի 3֊րդ մաս), ով հանդիսացել է վարորդը, Արման Ալեքսանյան (ՀՀ քրեական օրենսգրքի 474֊րդ հոդվածի 1֊ին մաս), ով ըստ մեղադրանքի` մեղադրյալ Արմեն Տոնոյանին աջակցել է փախչել դեպքի վայրից, ապա վերջինիս անցկացրել է Բավրայի սահմանակետով` ինչով նպաստել է, որպեսզի մեղադրյալ Արմեն Տոնոյանը տևական ժամանակ թաքնվի վարույթն իրականացնող մարմնից։

Նշանակվել են նախնական դատալսումներ, որը տեղի կունենա վաղը` 18.11.2024թ., ժամը` 16։30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Գյումրի քաղաքի նստավայրում` դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ։

Հարկ է նաև նշել, որ սույն քրեական վարույթով թույլ էին տրվել խախտումներ, ուստի, մի շարք պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որի վերաբերյալ մանրամասները լրացուցիչ կհրապարակեմ»,- հայտնել է նա։

Ինչպես հայտնի է, 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 8-ամյա որդին տեղափոխվել էր «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ գիտակցության չգալով՝ ևս մահացել էր:

Սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Տոնոյանը վթարից հետո հատել էր Հայաստանի սահմանը՝ գնալով Վրաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ