ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրեր առաջ Բայանդուրի ճանապարհի վերաբերյալ իր կողմից արված հրապարակմանն ու արձագանքներին՝ մանրամասնելով.
«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ծրագիրն այնպես էր, որ Արմավիրով գնացինք, և մինչև մեր առաջին կետը հասնելը ճանապարհը կարելի է ասել՝ գրեթե իդեալական վիճակում էր: Եվ, երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գրծընկերներին հարցրեցի, թե հիմա Արմավիրց մինչև Գյումրի էսպե՞ս է ճանապարհը և ստացա շատ պինդ դրական պատասխան:
Մեքենայից մի քանի վայրկյան նկարեցի և տեղադրեցի սոցցանցում, որ մենք Արմավիրից Գյումրի ճանապարհը բերել ենք իդեալական վիճակի: Ինչ-որ ժամանակ հետո տեսա մեկնաբանություններ՝ թե «հերթական լկտի սուտը», «դե արի Բայանդուր», «դու եղե՞լ ես Բայանդուրում»: Եվ պարզվեց, որ էդ մարդիկ ճիշտ դուրս եկան:
Եվ սա էլի խոսում է զեկույցի մասին: Կարող էին ասեին՝ չէ, էդ հատվածը արված չի, մի շաբաթից է արվելու, 10 օրից է արվելու, չի արվելու ընդհանրապես, արվելու է 2035 թվին: Չեմ հասկանում, էլի, կարելի՞ է նման բան անել: Պետք չի ավանսով բաներ, եթե հարցնում եմ՝ եղել է, ասեք եղել է, չի եղել, ասեք չի եղել ու չի էլ լինելու, բայց հիմա ստիպված մինչև տարեվերջ պետք է գնամ իմ աչքով տեսնեմ՝ Բայանդուրի ճանապարհը եղել է, թե չէ»: