Օրեր առաջ Երևանում արտառոց դեպք էր տեղի ունեցել. «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր էին վաճառել: Իրավապահները հայտնաբերել էին արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթով: Նրանք ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին էին տեղափոխվել վաճառողին՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու:
«Հայկական ժամանակ»-ը պարզել է, թե արդյոք ՀՀ-ում թույլատրվա՞ծ է արջի որսը, ինչպես նաև՝ մսի վաճառքը, և ի՞նչ վտանգներ կարող է պարունակել այն սպառողների կյանքի ու առողջության համար:
Մեզ հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության մամուլի պատասխանատու Անի Հակոբյանն ասում է՝ արջի որսը Հայաստանում երբեք թույլատրված չի եղել, այն կարմիրգրքյան կենդանի է:
«Գորշ արջը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակի չափորոշիչներով այս պահին գնահատվում է որպես խոցելի: Գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-ից 600 հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ»:
Անդրադառնալով վերջերս գրանցված աղմկահարույց դեպքին՝ նա ասում է. «Իհարկե, ապօրինի էր, դեպքի ուսումնասիրություններն ընթանում են այս պահին: Ճիշտն ասած՝ որպես այդպիսին՝ նախկինում արջի մսի վաճառքի դեպքեր չեն գրանցվել, էս դեպքը կարելի է համարել ինչ-որ չափով բացառիկ, քննությունը ցույց կտա: Դե, բնականաբար, միսը չի վաճառվել, կանխվել է»:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ մեզ հայտնել են, որ եթե անգամ որսը օրինական լիներ, այն շուկայում հայտնվելու համար մի շարք ընթացակարգեր պետք է անցներ, ինչն այս դեպքում չի եղել:
«Արջի մսի անվտանգությունը, ու արդյոք՝ այն կարո՞ղ ենք ուտել, թե՞ ոչ, պայմանավորված է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ: Եթե դա օրինական որս լիներ, արջը պետք է մորթվեր սպանդանոցում և բոլոր փորձաքննություններ անցնելուց հետո նոր գար հասներ խանութ»,- ասում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հազար ու մի հիվանդություն կա, արջն էլ կարող է հիվանդացած լինել այդ հիվանդություններով, կամ միսը հին լինել. «Մորթել են, ոնց են պահել, որտեղ են պահել՝ ոչ ոք չգիտի»:
Քննչական կոմիտեից էլ գործի մանրամասների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ դեպքի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապօրինի որսի հատկանիշներով։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ շուկայում առերևույթ արջի գլուխներ վաճառող անձին ոստիկանության ծառայողները ներկայացրել են նախաքննական մարմնին։ Կատարված համապատասխան գործողություններով փաստեր ձեռք չեն բերվել նրա կողմից ապօրինի որսը կատարվելու վերաբերյալ, և արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով անձն ազատ է արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները, այդ թվում՝ հնարավոր որսը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում։ Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն: