Մարդ, ում ձայնը հատել է ժամանակը․ Աթենքում Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

Նոյեմբերի 14-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի ֆրանսիական ինստիտուտի ու Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Միջոցառումը մեկնարկեց Ազնավուրի մասին պատմող հակիրճ ֆիլմի ցուցադրությամբ և «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի տեսաուղերձով:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ինչպես նաև Աթենքում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Դիբոն:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր խոսել Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված այս բացառիկ համերգին։ Համերգը, որը կազմակերպվել է Աթենքի ֆրանսիական ինստիտուտի և Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, հարգանքի տուրք է ոչ միայն երգի հսկային, այլ, առաջին հերթին, մի մարդու, ում ձայնը, ուղերձներն ու գործողությունները հատել են ժամանակն ու սահմանները՝ համախմբելով բոլոր սերունդներին զգացմունքների, գործողությունների և համամարդկային արժեքների շուրջ»,- նշեց ՀՀ դեսպանը։

Համերգի ընթացքում հնչեցին Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները Սարո Զավենի մեկնաբանությամբ և խորեոգրաֆիկ ներկայացմամբ։

Համերգին ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հունաստանի կառավարությունից և խորհրդարանից, դիվանագիտական կորպուսից, հոգևոր առաջնորդներ և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ