ԵՊՀ պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, այս շաբաթ Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ կառավարության, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հ․Հովհաննիսյանը, դեսպան Մակունցը, ինչպես նաև պատվիրակության անդամներ Էլինա Ասրիյանը (ԵՊՀ ուսումնական գծով փոխնախագահ), Կառլեն Խաչատրյանը (ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան) և Արմեն Չոբանյանը (Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն), հանդիպեցին ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի պաշտոնակատար Մարկ Հաննաֆինին:

Քննարկման թեման Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրթական և հետազոտական համագործակցության ամրապնդումն էր՝ երկու երկրների նպատակներին համահունչ: ԱՄՆ Պետքարտուղարությունում պատվիրակությունը հանդիպեց Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի պաշտոնյաների, այդ թվում՝ բյուրոյի ավագ խորհրդական Բարեթ Հագայի և Ֆուլբրայթ ծրագրի Եվրոպայի բաժնի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ ուսանողների և գիտնականների՝ ԱՄՆ-ում գործող հեղինակավոր, ինչպես օրինակ՝ Fullbright, BridgeUSA և կրթական փոխանակման այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ ԵՊՀ-ի և ԱՄՆ-ի բուհերի միջև ակադեմիական համագործակցության և համատեղ հետազոտությունների շրջանակի ընդլայնմանը:

Ռեկտոր Հովհաննիսյանն ընդգծեց բարձրագույն կրթության ոլորտում շարունակական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ նման փոխանակումներն օգտակար են երկու երկրների ակադեմիական շրջանակների համար։ Դեսպան Մակունցը վերահաստատեց կրթական փոխանակման ծրագրերի դերը՝ որպես երկու երկրների միջև փոխըմբռնման և համագործակցության խթանման արդյունավետ գործիք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ