«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ Հայաստանում ինչքան, իր բնորոշմամբ, «այլանդակություններ» կան իրավական դաշտում, իրավաբաններից է գալիս, քանի որ, ըստ նրա, հայ փաստաբանները ում պետք է՝ կարող են արդարացնել:
«Օրենքի տառի մեջ մի «և» կգտնեն և կարդարացնեն համաշխարհային մակարդակի կոռուպցիոների: Նաև համակարգը պրոբլեմ ունի այն առումով, որ իշխանությունը այն փոխելու էվոլուցիոն ճանապարհով է գնում, բայց այդ ճանապարհը աշխատում է այն դեպքում, երբ համակարգերը պատրաստ են փոխվել, իսկ մեզ մոտ դրանք շատ «դախացած» և խիստ կոնսերվատիվ են, դրա համար դժվար է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ ժամանակին իշխանությունները ՀՀ կողոպտված անցյալի հետ փոխկապակցված անձանց վրա գրել են «պրոֆեսիոնալիզմ» և բերել դաշտ, հատկապես՝ իրավական համակարգ:
«Ես առաջարկում եմ, որ իշխանությունը նոր մարդկանց վստահի և չվախենա, քանի որ պրոֆեսիոնալիզմը դարձրել են դրոշակ և դրա անվան տակ ՀՀ վատթարագույն անցյալը վերակենդանացրել են և բերել համակարգ: Իհարկե, կլինեն աղմուկներ, ոռնոցներ, բայց դա կարևոր չէ, որովհետև պետությունը պիտի անցում կատարի: Մենք դեռևս տրանզիտի մեջ ենք, որովհետև համակարգերը դիմադրում է տարբեր տեղերում»,- կարծում է նա:
Սուքիասյանի խոսքով՝ մեր օրենսդրությունը վատն է, հատկապես Քրեականը գրված է Հայաստանի զարգացումը թույլ չտալու համար. «Եթե դուք ուզում եք արդար դատավարություն, պարզվում է, որ մի օրենք կա, որ թույլ չի տալիս: Մեր օրենսդրությունը գրված է ՀՀ-ում կոռուպցիան, անօրինական շատ երևույթներ արդարացնելու համար, որովհետև հարմար օրենքներ կան, օրենսդրությունը շատ բարդ է, խրթին: Եթե ուզում ենք արդարություն, պիտի ունենանք արդար օրենսդրություն»:
Ըստ նրա՝ Հայաստանում մի երևույթի վերաբերյալ 40 իրավաբան տարբեր կարծիքներ է հայտնում. «Մեզ մոտ ովքեր որ արդարադատության ոլորտում նշանակվել են, վրաները պրոֆեսիոնալ է գրված եղել, բայց բոլորը կապված են եղել ՀՀ վատթարագույն անցյալի հետ, հետևապես դա էլ է խոչընդոտ: Դախացած են մարդիկ, կոռուպցիան շատ են ռեկլամ արել ժամանակին, իրենք մեծ հնարավորություններ են տեսնում, նաև օրենսդրական բացերից օգտվելով՝ փողեր աշխատում: Հայաստանում փաստաբանները ամենահարուստ մարդկանցից են, որովհետև օրենսդրությունը իրենց համար շատ հարմար է գրված»:
Զրուցակցի դիտարկմամբ՝ արդարադատության ինստիտուտի նկատմամբ վստահություն չկա, քանի որ բազմաթիվ են խնդիրները:
«Եթե այդ մարդիկ իմանան, որ իրենց գանգին պետությունը կիջնի ցանկացած ապօրինության դեպքում, կաշխատեն, ոչ թե օրենք կճարեն գետնի տակից հորոխպորս տղուն, էն մի կաշառակերին ազատելու համար: Էս հին աշխարհայացքով, հին մտածողությամբ, հին կապերով ոչ մի տեղ չենք հասնելու»,- համոզմունք է հայտնում նա:
Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ խորհրդարան խցկված ռևանշիզմը այսօր ամենաշատը պետք է գոհ լինի իրավապահ համակարգից. «Որովհետև եթե նայենք, բոլոր հայտնի կոռուպցիոներները «լողացան» և դուրս եկան հետհեղափոխական Հայաստանի արդարադատության օրոք»:
Վերջինս ասում է, որ մի քանի քայլ կա, որ պիտի արվի՝ արդյունք ունենալու համար. «Օրենսդրության պարզեցում, վերահսկողություն, հաշվետվողականություն և նոր կադրերի որոնում: Պետք է փնտրել և գտնել. էս ժողովուրդը չի մեռել ու նախկինների հույսին չէ, և էս պետությունը նախկինների հույսին չէ»: