Բյուրականի հանրապետական նախկին գյուղապետ Զարզանդ Բաբայանի կինը, որը նույն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենն էր, կազմակերպված ձևով շարունակում է խաթարել դասապրոցեսը։ Տիկին նախկին տնօրենը իրեն լոյալ մի քանի ուսուցիչների օգնությամբ գործադուլներ ու դասադուլներ է կազմակերպում։ Իսկ բանն այն է, որ ամիսներ առաջ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը երկու նկատողություն էր տվել Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մկրատչյանին՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։
Մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին տնօրենը և այլ վարչական աշխատողներ դպրոցում չեն եղել՝ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։ Օրացույցային մեկ տարվա ընթացքում 2 նկատողությունները հիմք են հանդիսանում աշխատողին աշխատանքից հեռացնելու համար՝ ընդ որում իմպերատիվ։
Եվ ահա, Լուսինե Մկրտչյանին աշխատանքից ազատելուց հետո, այս տարվա մայիսին դպրոցում սկսվեցին գործադուլներ, դասադուլներ, իսկ տնօրենի հանրապետական ամուսինը՝ նախկին գյուղապետ Զարզանդ Բաբայանը, որը այդ գործընթացների կազմակերպիչն էր, մտել էր դպրոցի ուսուցչանոց և անվայելուչ պահվածք էր դրսևորել ու վիրավորել անգլերենի ուսուցչուհուն։
Մարզպետարանի համապատասխան բաժինների աշախատկիցները այցելել էին դպրոց, բացատրել ստեղծված իրավիճակը, աշխատակիցներին ներկայացրել իրենց որոշումների հիմքերը, որից հետո կրքերը հանդարտվել էին։
Մարզպետ Մովսիսյանը տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրել էր տնօրենի տեղակալ Էլմիրա Գալստյանի վրա, բողոքի ակցիաները, սակայն, չէին ավարտվել, որովհետև Զարզանդ Բաբայանը շարունակել էր իր գործունեւոթյունն ու դրդել մի շարք աշխատակիցների՝ շարունակել գործադուլը, իսկ Լուսիեն Մկրտչյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով մարզպետի նկատողությունները։ Դատարանը, ի վերջո, գտել էր, որ մարզպետը հիմնավոր կերպով և օրինական է տնօրենին նկատողություն տվել։ Մկրտչյանը դիմել էր վերաքննիչ։ Ապա՝ Լուսինե Մկրտչյանը մեկ այլ հայցով բողոքարկել էր այս անգամ ոչ թե նկատողությունների, այլ՝ աշխատանքից ազատման որոշումը։ Դատարանը տեխնիկական խնդիրներ էր գտել՝ պատճառաբանելով, որ մարզպետը իրավունք ուներ աշխատանքից ազատել տնօրենին, սակայն թույլ է տվել ժամկետների խախտում, ինչի պատճառով բավարարել էր Լուսինե Մկրտչյանի հայցը։ Մարզպետարանը մեկ ամսվա ընթացքում, ըստ ընթացակարգի բողոքարկել է առաջին ատյանի որոշումը։ Եվ ահա Լուսինե Մկրտչյանը կրկին ամուսնու՝ նախկին գյուղապետի օգնությամբ գործադուլներ է կազմակերպում դպրոցում՝ պահանջելով Մկրտչյանին վերականգնել աշխատանքի։ Այն, ինչ մարզպետն օգտվել է իր իրավունքից ու բողոքարկել է դատարանի որոշումը, որը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։ Նախկին տնօրենը իր մերժված հանրապետական ամուսնու հետ մեկտեղ փորձում են գործընթացը քաղաքականացնել՝ օգտագործելով ճղճիմ և արդեն մաշված բառամթերք ու գործելաոճ։ Նրանք այս ամենում կրկին ներգրավում են աշակերտներին և նրանց ծնողներին՝ օգտագործելով անգամ ահաբեկման գործիքակազմ, մարզպետի, գործող իշխանությունների հասցեին օգտագործում են «դավաճան, հողատու, մորմոն» և այլ պիտակավորումներ։
Դպրոցի արհեստակցական միության նախագահ Մոնա Քոչարյանը զանգահարում է տարբեր աշակերտների ծնողներին և հորդորում իրենց երեխաներին դպրոց չուղարկել՝ նշելով, որ դասղեկները չեն կրում պատասխանատվություն երեխաների համար։ Վերջինս ի դեպ, նաև հանձնաժողով է ստեղծել, փակ գաղտնի քվեարկություն կազմակերպել, որով դպրոցի 69 աշխատակիցներից 45-ը կողմ են քվեարկում գործադուլ անելու որոշմանը։ Ի դեպ՝ քվեարկությանը 69 աշխատակցից մասնակցում է 47-ը, 2-ը՝ ձեռնպահ են քվեարկում։
Հատկանշական է, որ այդ որոշմամբ այդ աշխատակիցները պատրաստվում են դիմել ԿԳՄՍ նախարարին, քանի որ խաթարվել է աշակերտների կրթություն ստանալու իրավունքը։ Նկատենք, որ այդ իրավունքը հենց իրենք են խախտում՝ գործադուլներ և դասադուլներ կազմակերպելով։
Դպրոցի ուսուցիչներից Աննա Կարապետյանն ասաց, որ որևէ հիմք չկա գործադուլ անելու, նախկին տնօրենը օրինական հիմքերով է ազատվել աշխատանքից։ Միաժամանակ՝ Կարապետյանն ասաց, որ Մկրտչյանն ու ամուսինը արդեն ոչ միայն դպրոցի աշխատակիցներին, այլև՝ ողջ գյուղին են խառնել գործընթացին։ «Օգտագործում են և՛ ուսուցչական կազմին, և՛ աշակերտական, և՛ ամբողջ գյուղին, երիտասարդությանը խառնում են իրար։ Փողոցային վարքով, ահաբեկումներով, լկտի պահվածքով ուզում են հետ բերել նախկին տնօրենին, որին հեռացրել են օրինական կերպով», — ասաց Կարապետյանն ու նշեց, որ այն ուսուցիչները, որոնք փորձում են դասադուլ չանել, նորմալ դասապրոցես անցկացնել՝ անվանում են դավաճաններ, հոգեբանորեն ճնշումներ են գործադրում, մարդկանց ինքնասիրությանն են կպնում և այլն։
Կարապետյանի խոսքով` ծնողներին էլ սխալ կերպով են ներկայացնում իրավիճակը, խաբում, մանիպուլացնում։ «Ամեն մեկին մի ձևով ահաբեկում են։ Ով ինչ թույլ կետ ունի այդտեղ են կպնում։ Եթե ուսուցչին ասում ես՝ գործադուլ չես անում ուրեմն դավաճան ես, սա էլ է ահաբեկում։ Տեղին, անտեղին կպնում են ինքնասիրությանը, վիրավորանքներ հասցնում։ Անգամ կպան երկու այնպիսի ուսուցչի, որոնք զավակներ են կորցրել պատերազմում։ Ամենաստոր քայլերին են գնում՝ նախկին տնօրենին վերադարձնելու համար»։
Աննա Կարապետյանն ասաց, որ ինքը միակը չէ, որ ուզում է մտնել դասարան ու չխառնվել հակաօրինական այս ակցիաներին, սակայն շատերը վախենում են բարձրաձայնել այդ մասին։
Ի դեպ՝ մարզպետարանից ևս մեզ ասացին, որ շուրջ 30 աշխատակից նամակով դիմել է իրենց՝ խնդրելով հարթել ստեղծված իրավիճակը, վերականգնել դասապրոցեսը։ Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով՝ այդպիսի դիմումներ են ներկայացրել նաև մի շարք ծնողներ, որոնք դեմ են գործադուլներին և դասադուլներին։
«Կան ուսուցիչներ, որոնք ուզում են մտնել դասարան, բայց չեն կարող, քանի որ դասադուլի կազմակերպիչները գրում են ծնողներին, ասում, որ իրենք պատասխանատու չեն դպրոց հաճախած երեխաների համար, մի քանի անգամ երեխաները եկան, դաս տեղի չունեցավ, արդեն ծնողներն էլ են վախենում, որ երեխաները անտերության են մատնվելու դպրոցում, արդեն չեն ուղարկում շատերը», — ասաց ուսուցիչ Աննա Կարապետյանը։
Նկատենք նաև, որ նախկին տնօրենի ընտանիքին իր աջակցությունն է հայտնում նաև գյուղի քահանան՝ Տեր Վրթանես Բաղալյանը, որը ակտիվ գրառումներ ու նախկին տնօրենին աջակցող տեքստեր է ձոնում ֆեյսբուքյան իր էջում։
Հանրապետական նախկին գյուղապետն ու իր կինը իրենց ընտանեկան հարցերը փորձում են լուծել դպրոցի ու աշակերտների հաշվին։