«Շատ ծիծաղելի է, երբ դուք գալիս եք ամբիոնի մոտ և լափելուց եք խոսում, կոռուպցիայից եք խոսում, ՊՊԾ-ից եք խոսում»,- ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Հակոբյանը հիշեցրեց Ռուբեն Ռուբինյանի առաջարկը․ «Մեր գործընկերներից Ռուբեն Ռուբինյանը հորդորում էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հրաժարվի ՊՊԾ-ի թիկնապահներից, հրաժարվե՞ց։ Եթե դուք ձեր քաղաքական առաջնորդի անվտանգությունն ապահովում եք այդ կառույցով, ինչու եք անընդհատ գալիս ու խոսում դրա մասին։ Ի՞նչ եք ակնկալում՝ բոլոր մնացած պաշտոնյաները պետք է հրաժարվեն ՊՊԾ-ից, մնա ձեզ հետաքրքրող մարդկանց ապահովությունը։ Ձեզ հստակ ասվեց, որ պանիրը բերել է մեկը, հացը բերել է մեկը, ջուրը եղել է ուրիշի վրա և այդ պատճառով բարեփոխում է տեղի ունենում և այդ բարեփոխումը ներկայացնել այդ քողի տակ՝ ազնիվ չի»։
Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ 2026 թվականին սպասվող ընտրություններին ընդդիմությունը չի անցնելու․ «Ուզում եմ տեղեկացնել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին միանշանակ դուք չեք ընտրվելու, ես վստահ եմ դրանում։ Էդ որ ասում եք՝ մեզնից ինչքան շատ խոսեք, լավ է, տո մենք խոսենք ոչինչ, բայց որ դուք եք գալիս ձեզնից խոսում, դուք չեք պատկերացնում՝ ինչ հակակրանք եք ստեղծում։ Մեզ մի քաղաքական ուժ է հող հանձնելու մեջ մեղադրում, ով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք է ստացել՝ Կարսով, Արդահանով, Սուրմալուով և սաղ հանձնել է։ Ինչ հնարավորություն եղել է տալու՝ Դաշնակցությունը տվել է և այո, Արցախի վերջին իրադարձությունների, պալատական հեղաշրջման մեջ միանշանակ Դաշնակցությունն ունեցել է, եթե ոչ ամբողջական որոշում, ապա ծանրակշիռ ներգրավվածություն»։
Խոսելով Գեղամ Մանուկյանի ելույթի մասին՝ պատգմավորն ասաց․ «Գեղամ Մանուկյանի ելույթը դասական ուղեղի լվացում էր։ Մի քաղաքական ուժ, ով հանձնել է 40 հազար քառակուսի կիլոմետր, եկել երեխաներին ասում է՝ դուք հող հանձնող չլիենք։ Մեր ընդդիմադիր գործընկերների ելույթները, որ լսում ես՝ թվում է, թե քաղաքական թատերաբեմից վերջնական տապանաքարը դրած է լինում ու անընդհատ խնկարկում են, որ հանկարծ չվերակենդանանա»։