Նշանակվելու դեպքում իմ փորձը ներդնելու եմ ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման համար. ՀԾԿՀ նախագահի թեկնածու

Հավաստիացնում եմ, որ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում իմ ողջ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը շարունակելու և ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Այս մասին խորհրդարանի ամբիոնից իր ելույթում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը:

Թեկնածուն ներկայացրեց հանրային ծառայությունների ոլորտների վերաբերյալ իր գործունեության տեսլականը, ապա անդրադարձավ այն խնդիրներին և առաջնահերթ աշխատանքների իրականացման տեսլականին, որոնց լուծումը, ըստ իրեն, հնարավորություն կտա բարձրացնելու ինչպես հանձնաժողովի կողմից կարգավորվող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, այնպես էլ հանձնաժողովի գործունեությունը:

Նրա խոսքով՝ կարևոր է էականորեն մեծացնել հանձնաժողովի կողմից օրինախախտ ընկերությունների տույժերի չափը, որը կմեծացնի այդ ընկերությունների պատասխանատվության չափը:

Բացի դրանից՝ առկա խնդիրների պատշաճ լուծման նպատակով Մեսրոպյանը անհրաժեշտ համարեց բարձրացնել հանձնաժողովի կարողությունները:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ