Փորձագետները տպավորված են Տավուշի մարզի սահմանազատված գոտի այցից․ ինչ են արձանագրել

ՀՀ Անվտանգության խորհուրդը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, երեկ փորձագետների և քաղաքագետների մասնակցությամբ այց էր կազմակերպել Տավուշի մարզի սահմանազատված գոտի։ Իր տպավորություներով Civic.am-ի հետ զրույցում կիսվել է այցին մասնակցած քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

«Ես շատ տպավորված եմ արդեն իսկ կատարված և կատարվող աշխատանքներով սահմանամերձ գոտում, այսինքն՝ արդեն դելիմիտացված և դեմարկացված գոտում։ Խոսքը և՛ ամրաշինական աշխատանքների, և՛ պաշտպանական կառույցների մասին է։ Շատ բան իհարկե չենք կարող ասել, բայց 2020 թվականից սկսած՝ ես բազմիցս եմ անդրադարձել այս խնդրին և նշել եմ, որ մեզ, այո, հարկավոր են բետոնապատ ամրաշինական կառույցներ սահմանի վրա, որոնք թույլ կտան թշնամու հարձակման դեպքում խնայել մեր զինվորների, մեր տղաների կյանքերը։ Եվ ես ուրախությամբ տեսնում եմ, որ այդ աշխատանքը վերջապես արվում է։ Շատ դրական էմոցիաներով եմ եկել»,- ասաց քաղաքագետը։

Նա տեղեկացրեց, որ Նոյեմբերյան գնացող ճանապարհին, որտեղ ժամանակին վարորդներին հորդորում էին արագ անցնել, իսկ գիշերով՝ մեքենայի լույսերն անջատած, իսկ այդ հատվածում ճանապարհը պարզապես դարձել է անվտանգ. ասֆալտապատել են, թարմացրել, ինչն ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի, որ մարդիկ իրենց ավելի պաշտպանված զգան, բայց իրականում այն ճանապարհը, որն այսօր կա, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ, շատ ավելի անվտանգ է, շատ ավելի լավ կահավորված և շատ ավելի դուրեկան է, քան այն, ինչ մենք ունեցել ենք մինչև դելիմիտացիան և դեմարկացիան։

Պատասխանելով հարցին, թե այս պարագայում ինչո՞ւ էր աղմկում ընդդիմությունը, քաղաքագետն ասաց, որ մինչև իր աչքով սահմանազատված սահմանը տեսնելն էր ասել, թե ինչու են նրանք աղմկում։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ նրանք աղմկում են այն պարզ պատճառով, որ փորձել են օգտագործել այդ սահմանազատման փաստը, այն, որ փաստացի Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի սահմանազատված հատվածում տեղի է ունեցել տարածքների փոխանակում, նրանք փորձել են դա օգտագործել, որպեսզի Հայաստանում գեներացնեն մասսայական դժգոհություն և հասնեն իրենց բաղձալի նպատակին, որը չի փոխվում վերջին 30 տարվա ընթացքում, իսկ նպատակը մեկն է՝ իշխանափոխություն։

Խոսելով նաև Անվտանգության խորհրդի կատարած աշխատանքի մասին՝ քաղաքագետն ասաց, որ ԱԽ-ն շատ մեծ աշխատանք է տանում հասարակության և իշխանության միջև կապ ստեղծելու ուղղությամբ։

«Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է, որովհետև բարձրացնում է վստահությունը հասարակության նկատմամբ, հասարակության կողմից դեպի իշխանություն։ Հիմա, տվյալ դեպքում, ես որպես հասարակության ներկայացուցիչ եմ խոսում, ես ո՛չ կուսակցական եմ, ո՛չ իշխանության ներկայացուցիչ եմ, ոչ էլ՝ ընդդիմադիր։ Ես կարծում եմ՝ ԱԽ-ն շատ ճիշտ ուղղության վրա է։ Սա առաջին միջոցառումը չէ, և ես կուզեի շնորհակալություն հայտնել ԱԽ-ին և անձամբ Արմեն Գրիգորյանին ճիշտ ընկալման և ճիշտ ակցիան դնելու համար, որովհետև մեր երկրում այսօր, երբ որ մեր հասարակությունը գերպառակտված է, այսպիսի աշխատանքը շատ կարևոր է, սա ուղղակի առաջին քարերից մեկն է: Կարծում եմ, որ այս աշխատանքը պետք է շարունակել, մյուս գերատեսչությունները պետք է միանան, որպեսզի գնալով, քայլ առ քայլ հասարակության և իշխանության միջև փոխվստահությունը աճի. որովհետև իշխանությունն էլ մեզ է վստահում, երբ որ տանում է և ցույց է տալիս պաշտպանական կառույցներ, որոնք ամեն մեկը չպետք է տեսնի»,- եզրափակեց Դավիթ Ստեփանյանը։

Մենք զրուցել ենք նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։ Նա նշեց, որ իրականում շատ հաճելի էր, ու ինքն ի սկզբանե կողմնակից էր, որ տեղի է ունենում սահմանազատում և սահմանագծում, բայց այնուամենայնիվ կային որոշ անհանգստություններ, որոնց մասին ինքը բարձրաձայնում էր։

«Այս այցը շատ կարևոր էր, դրա համար ես շնորհակալ եմ ԱԽ քարտուղարին, որ հրավիրեցին մի խումբ փորձագետների, ոլորտային մասնագետների, ՔՀԿ-ի և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, նաև որոշ լրագրողների։ Մենք եղանք Բաղանիսում, Ոսկեպարում: Ի դեպ, տեսանք Ոսկեպարի այն եկեղեցին, որ աղաղակում էին, թե կմնա Ադրբեջանի կազմում, եկեղեցին վերանորոգվում է։ Մենք նաև Կիրանցում եղանք, Կիրանցի դպրոցը տեսանք, այնտեղ կա 32 աշակերտ, որոնց հետ նույնպես հանդիպեցինք, զրուցեցինք»,- ասաց Առնոլդ Բլեյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հիշում է այն բողոքողներին, որոնք դեմ էին, որ Հայաստանն ունենա պետական սահման, որոնք պնդում էին, որ ոչ մի ծնող թույլ չի տա, որ իր երեխան հաճախի այդ դպրոցը, բայց եղավ այն, ինչ եղավ։

«Կա մի բան, որի մասին կուզեմ խոսել։ Կա փոխհամաձայնություն հայերի և ադրբեջանցիների միջև, որ այդ սահմանազատված հատվածի տարածքում սահմանապահները չեն կրում սաղավարտ, չեն կրում զրահաբաճկոն, և այստեղ լարվածությունն ու վտանգն ավելի նվազ են, քան այն սահմաններում, որտեղ չկա սահմանազատված և սահմանագծված սահման։ Դա նաև որպես հավելում այն պնդմանը, որն արվում էր առաջ մեր կողմից, որ մի բան է, երբ սահմանապահներն են հսկում սահմանը, այլ բան է, երբ արդեն զինվորներն են հսկում սահմանը, որոնք զինված են, և իրենց տրամադրվածությունն է լրիվ այլ, քան սահմանապահներինը։ Այդ առումով շատ լավ կլիներ, որպեսզի հնարավորինս շուտ տեսնեինք շարունակությունը։ Որովհետև, այո, Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչներն իրենց ավելի անվտանգ են զգում, քանի որ կա կոնկրետ սահման, և այնտեղ չկան ադրբեջանցի զինվորներ, ովքեր փորձում են վիճարկել քո տարածքը և փորձում են ներխուժել քո տարածք։ Այնտեղ մարդիկ իրենց շատ ավելի անվտանգ են զգում, քան զգում էին առաջ»,- ասաց Առնոլդ Բլեյանը։

Ի հավելումն նա նշեց, որ «այցի ընթացքում տեսան, որ Ոսկեպարի եկեղեցին տեղում է, Կիրանցի դպրոցը տեղում է, կային շինություններ, երեքուկես շինության մասին է խոսքը, որոնք անցան սահմանից այն կողմ, բայց այնուամենայնիվ պրոցեսը կատարված է, պրոցեսը շատ դրական է ազդել, և այդ պրոցեսի շնորհիվ մենք արդեն միջպետական համաձայնություն ունենք Ադրբեջանի հետ, որ պրոցեսը պետք է շարունակվի արդեն կոնկրետ նախագահների մակարդակով ստորագրված կանոնակարգի հիման վրա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ