Հիշողությունը չպետք է դառնա պրագմատիկ քաղաքականության հիմք. Այն ամենը, ինչ անում ենք, պետք է անենք Իրական Հայաստանի համար

Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել և կրկին խոսել իրական և պատմական Հայաստանի մասին։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։

«Ես չեմ լսել ելույթը, ինձ համար, համենայնդեպս, այդ հարցը միանշանակ լուծված է։ Ես ապրում եմ իրական Հայաստանում և հասկանում եմ, որ այն ամենը, ինչ որ մենք անում ենք, պետք է անենք իրական Հայաստանի համար։ Եվ ընդհանրապես, եթե դու ուզում ես ապագայի համար ինչ-որ բան ստեղծել, դու պետք է աշխատես ներկայի վրա։ Սա ես չեմ ասել, սա Ալբեր Քամյուն է ասել։ Եվ ես ամբողջովին համաձայն եմ իր հետ։ Հաճախակի մենք այդ հասկացողությունները հակասության մեջ ենք դնում իրար հետ, և կարծես թե ենթադրվում է, որ եթե մենք ապրում ենք, աշխատում և արարում ենք իրական Հայաստանում, ընդհանրապես պետք է մոռանանք պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը պատմական Հայաստան է՝ իր հարուստ մշակույթով, իր պատմությունով, և ոչ ոք չի կարող պնդել, որ դա պետք է մոռանալ։ Բայց այն, որ նա իրավունք չունի տեղ գրավել ժամանակակից Հայաստանի քաղաքականության մեջ, սա էլ է փաստ»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Նա նշեց, որ հիշողությունից հրաժարվել պետք չէ, բայց հիշողությունը չպետք է դառնա քո պրագմատիկ քաղաքականության հիմքը, սա է խնդիրը։

Խոսելով նաև վարչապետի այն հայտարարության մասին, որ մեր սոցիալական մտածողությունը և հոգեբանությունը որոշ չափով ապապետական է, Ռուբեն Բաբայանն ասաց. «Դե որովհետև շատ երկար ժամանակ դա ծավալվել է՝ այս մեր բարեգործը, մեր արքան կգա մեզ կկերակրի, կբերի մեզ կբաժանի՝ սկսած ընտրություններից, որի ժամանակ եղել է վարդի մուրաբայից մինչև դրամական որոշակի գումար բաժանելը. էլի պետության բացակայությունից է։ Բազմաթիվ ծրագրեր պետք է լինեն պետական, որպեսզի մեր հասարակության բազմազան շերտեր կարողանան դիմել, ստանալ, եթե կա դրա կարիքը, որովհետև մենք գիտենք, որ հաճախակի խցկվում են, ընդ որում՝ ոչ միայն մեր երկրում, մարդիկ, որոնք դրա կարիքը չունեն, բայց կարողանում են այդ պետական ռեսուրսներից օգտվել»,- նշեց Ռուբեն Բաբայանը։

Ռեժիսորի խոսքով՝ երբևիցե չի կարելի իրար հակադրել պետական ծրագրերը և մարդկանց տարբեր խմբերի ներգրավվածությունը դրա մեջ և պարզապես որոշակի բարեգործությունը։

«Պետք չի ման գալ տեր, երբ մենք խոսում ենք պետության մասին. պետությունը այն երկիրն է, որտեղ յուրաքանչյուր մարդ ինքը տերն է։ Իսկ եթե դու ձեռդ պարզած վազում ես որոշակի մարդկանց հետևից և խնդրում ես, որ քեզ տան որոշակի օժանդակություն, նշանակում է, որ դու կամավոր հրաժարվում ես այս տիրոջ կարգավիճակից։ Այստեղ կարևոր չի՝ դու նստած ես փողոցում, եկեղեցու դեմը, թե զբաղեցնում ես ինչ-որ մի կարևոր պաշտոն։ Եթե այդ մուրացկանի հոգեբանությունը քո միջից չես հանում, ապա դու ստրուկ ես»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ