Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ՊՊԾ-ի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։
Այդ համատեքստում նա նկատեց, որ ընդդիմադիրները դժգոհ են, որովհետև «ՊՊԾ-ի աշխատանքի շնորհիվ իրենք չեն կարողացել ներկաներից՝ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին սպանել»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այն, որ ՊՊԾ-ն ունի խնդիրներ, և պետք է վերանայի իր պահվածքը Ազգային ժողովում, այդպես է, սակայն Քոչարյանը և նրա թիմը պետք է լռեն առհասարակ:
«Որովհետև իրենց ժամանակ ՊՊԾ-ն ավելի վատն էր, ես կարող եմ ՊՊԾ-ին քննադատել, իրենք չեն կարող: Ռոբերտ Քոչարյանը այն նախագահը չէ՞, որի ախրանան 20 տարի առաջ զուգարանում մեկին սպանեց՝ «Պրիվետ Ռոբ» արտահայտության համար, ինչի մասն են խոսում»,- հիշեցնում է նա:
Զրուցակիցը կարծում է՝ միարժեք է, որ կարող են հարձակվել պետական պաշտոնյաների վրա, ընդհուպ փորձեն սպանել նրանց:
«Ներողություն, 4 տարի առաջ ԱԺ նախագահին ծեծել էին այն աստիճանի, որ վստահ էին՝ մահացած է: Իմ գնահատմամբ՝ դա եղել է մահափորձ: Բոլորովին վերջերս ԱԱԾ-ն ձերբակալել է մի խմբի, որը ՌԴ-ում վերապատրաստվել է՝ այստեղ դիվերսիաներ իրականացնելու համար: Սա, ցավոք, ֆանտաստիկայի ժանրից չէ, և, այո, ինձ էլ է տհաճ տեսնել, որ երբ վարչապետը Ա կետից Բ կետ է գնում, դրա համար փողոցներ են փակվում, մեծ ռեսուրսներ են ներգրավում և իմ վճարած հարկերից շատ մեծ գումարներ ծախսվում, սակայն եթե ինչ-որ խմբերի մտքով անցնում է, որ պետք է ՀՀ իշխանություններին ուժով ինչ-որ բան պարտադրի, ապա, այո, իշխանությունը պետք է ֆիզիկապես պաշտպանվի, և մենք՝ հասարակությունը, իր իսկ ընտրած իշխանությանը պետք է պաշտպանենք այդ թվում նաև հարկերի ծախսերի միջոցով: Ես չեմ թողնելու, որ իմ երկրում հանրության ընտրած վարչապետին ինչ-որ մեկը փորձի սպանել»,- ասում է Իոաննիսյանը:
Նա հիշեցնում է, որ ընդդիմադիր ակտիվիստներ կային, որոնք փորձել էին պայթեցնել որոշ ՔՊ-ական պատգամավորների գրասենյակներ, ու պետք չէ զարմանալ նրանից, որ անվտանգությունը ուժեղացվում է. «Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ բոլոր ընդդիմադիրները փորձում են իշխանության ներկայացուցիչներին սպանել, բայց, այո, կան որոշ շրջանակներ, որոնք դրա մասին մտածում են ու բարձրաձայնում»:
Դանիել Իոաննիսյանը նաև նկատում է, որ իրավապահ մարմինների նկատմամբ ատելության գեներացիան ոչ մի լավ տեղ չի տանելու:
«Քննադատությունն էլ ոստիկանության և ՊՊԾ աշխատակիցների վերաբերյալ պետք է լինի ճշգրիտ և թիրախային և չվերածվի համակարգի նկատմամբ ատելության գեներացիայի: ՊՊԾ-ն պետք է լինի ու իր գործն անի, ու եթե մենք ուզում ենք, որ ՊՊԾ-ում ծառայեն լավ կադրեր, ապա պետք է իրենց մեր վճարած հարկերից բարձր աշխատավարձ տանք: Այո, ինձ համար, որպես քաղաքացու, իմ վճարած հարկերը արժեքավոր են, բայց ես, որպես քաղաքացի, չեմ ուզում, որ իմ և հասարակության ընտրած Ազգային ժողովի նախագահին սպանեն»,- եզրափակում է նա: