Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն աշխարհի առաջնության նախընտրական փուլի` Ավստրիայի հետ Երևանում կայանալիք հանդիպմանը։
Հայաստանի հավաքական. Անդրե Սպայթ Մկրտչյան, Դանիել Կիրակոսյան, Դանիել Գևորգյան, Տիգրան Մկրտումյան, Ալեքսեյ Չիժենոկ, Յուրա Մելիքյան, Քրիս Զոնս, Զակ Տավիտյան, Գաբրիել Աճեմյան, Արտյոմ Թավաքալյան, Ալբերտ Թադևոսյան, Արկադի Մկրտիչյան, Քրիստիան Վիտալ, Կարեն Մելիքյան:
«Երկարատև ընդմիջումից հետո հավաքական է վերադառնում Արտյոմ Թավաքալյանը։ Փորձառու բասկետբոլիստն ազգային թիմում հանդես է եկել 2016-17 թվականներին։ Առաջին անգամ ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղին կարող է մասնակցել Դանիել Գևորգյանը, որը վերջին տարիներին արդյունավետ խաղ է ցուցադրում Երևանի «Ուրարտուի» կազմում։
Ազգային հավաքականի նորեկներից է նաև Դանիել Կիրակոսյանը։ 19-ամյա Կիրակոսյանն ամռանը ընդգրկված էր 20 տարեկանների հավաքականի կազմում և արդյունավետ խաղ ցուցադրեց երիտասարդական հավաքականի ստուգողական հանդիպումներում, ապա ազգային թիմի կազմում մասնակցեց օգոստոսին Աբու Դաբիում կայացած միջազգային մրցաշարին։
Ազգային հավաքականի պաշտոնական խաղերում իր նորամուտը կարող է նշել նաև Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Չիժենոկը, որը ներկայում հանդես է գալիս Ռուսաստանի Սուպերլիգայում։
Առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի ամերիկացի խաղացող Քրիստիան Վիտալը։ Վերջինս այս տարի ստացել է ՀՀ քաղաքացիություն և կարող է ներկայացնել Հայաստանի հավաքականը, սակայն Վիտալը և հավաքականի առաջատար բասկետբոլիստ Քրիս Զոնսը համարվում են նատուրալիզացված խաղացողներ, ուստի, ըստ ՖԻԲԱ-ի կանոնադրության, նրանցից միայն մեկը կարող է լինել հայտացուցակում։
Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ից կսկսի ուսումնամարզական հավաքը, որը կկայանա Օլիմպավանում։ Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Արեգ Վաթյանը և Միքայել Պողոսյանը։
Հայաստան-Ավստրիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին»,- ասված է ԿԳՄՍ նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ: