«Հայաստանում մի երևույթ կա՝ պատմական Հայաստանի մոդա, տեսնում ես ջահել՝ 30 տարեկան տղա է, խոսում ես հետը՝ ասում է՝ ես սասունցի եմ, էն մյուսն ասում է՝ ես մշեցի եմ»:
Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց.
«Երրորդն ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդն ասում է՝ խոյեցի եմ: Շատ լավ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է: Ամենայն հարգանքով, որովհետև ես հիմա ուզենամ էլ՝ չեմ կարող ո՛չ մշեցի լինել, ո՛չ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, ես սենց ապազգային տարր եմ, Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնալ, որքան էլ արխիվները քանդում եմ»:
Վարչապետը նաև նկատեց՝ չենք հասկանում մի պարզ բան, որ երբ Դիլիջանում ենք ապրում, բայց ասում ենք՝ վանեցի եմ, Դիլիջանը կորցնում ենք և կորցնում ենք մեր պետությունը:
«Ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ սարսափելի եզրակացության, որ դրա բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ:
Հարցի պատասխանը, թե ո՞վ է իրական Հայաստանը, և ո՞րն է իրական Հայաստանը, հետևյալն է. իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել է ու գտել իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: