Հարկ վճարելն ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելն ինքնին ապապետական ընկալման հետևանք է. Փաշինյան

Խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապեցին կամ նրանցից մեկը հերոսությունը կապեց սահմանը պահող կամավորի և կամավորության հետ: Սկզբունքորեն, այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամ անվտանգությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելն ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելն ինքնին ապապետական ընկալման հետևանք է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե խոսքը «…կեցցե՛ մեր հայ կամավորը, գինի՛ լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում, և այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է:

Հանուն արդարության՝ պետք է ասել, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ, և բացի դրանից՝ այսօրվա կամավորը «…ընկե՛ր ջան, գինի՛ լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար ՀՀ պետական բյուջեից, իսկ ընդդիմության ներկայացուցիչը փորձում է հակադարձել, թե ինչու եք գովում օրենքով սահմանված հարկերը վճարողին, չէ՞ որ Սահմանադրության մեջ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է վճարել հարկերը: Իսկ Սահմանադրության մեջ գրված չէ՞, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մասնակցել ՀՀ պաշտպանությանը: Գրված է, գրված է Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասում»,- ասաց նա:

Վարչապետն իր կարծիքը ներկայացրեց նաև այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հերոսությո՞ւն է երկրի պաշտպանությանը մասնակցելը՝ հաստատելով, որ դա հերոսություն է, բայց միաժամանակ նկատեց, որ եթե զինվորը սնունդ, պաշտպանության միջոց, հագուստ, տրանսպորտային միջոց, կապի միջոց, ինժեներական կահավորում, գրագետ սպա չունենա, ինչպե՞ս պետք է պաշտպանի երկիրը և հերոսություն անի:

«Կարո՞ղ է նա հերոսություն անել՝ առանց այս ամեն ինչի. մեծ հաշվով, բացառված է, կամ կլինեն բացառություններ, որոնք կհաստատեն օրինաչափությունը: Չի՛ կարող, մանավանդ՝ այսօրվա տեխնոլոգիական դարում»,- ասաց նա:

Այս համատեքստում վարչապետը խոսեց նաև պայմանագրային զինծառայության մասին՝ ընդգծելով, եթե, օրինակ, պայմանագրային զինծառայողը սոցիալական երաշխիքներ չունենա, արդյոք կանցնի՞ ծառայության: Ըստ այդմ՝ սոցիալական երաշխիքներ ապահովելու համար անհրաժեշտ է պետական եկամուտ, որն ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող քաղաքացին:

«Առանց այդ քաղաքացու՝ ո՛չ պետություն կարող է լինել, ո՛չ հերոսություն: Հետևաբար նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ