Հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս. չաշխատող մարդուն մենք ինչի՞ ենք փող տալիս, մեկը կարա՞ ինձ բացատրի. վարչապետ

«Գուցե, իմ ասածը ցինիկ հնչի, բայց մենք խոսում ենք ՀՀ բարեկամների մասին, թե ո՞վ է մեր բարեկամը, մեր խնդիը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը, ինչպես Ավետարանը մեզ բոլորիս հորդորում է: Եթե մենք ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, պիտի բոլորով միասին հնարավորինս շատ օրինական փող աշխատենք, հնարավորինս մեծ եկամուտներ գեներացնենք և հնարավորինս հարստացնենք մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն ՝ պետական բյուջեն հարկերի միջոցով»,- ԱԺ իր ելույթում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ ՀՀ հարկային օրենսգիրքն ապապետական է և չի խրախուսում զարգացումը և գումար փող աշխատելը.«Ինչքան էլ տհաճ է հնչում, շրջանառության հարկը և դրա համակարգն էլ ապապետական է, արդեն հանձնարարել եմ՝ պետք է ունենանք նոր հարկային օրենսգիրք, որը համապասխանում է ՀՀ պետական շահերին»:

Խոսելով թոշակների մասին՝ վարչապետը նշեց.«ՀՀ-ում կա 754,431 չաշխատող թոշակառու և նպաստառու, իրենց որտեղի՞ց ենք թոշակ տալիս՝ աշխատող մարդկանց շնորհիվ, իսկ ՀՀ-ում ընդամենը 768.547 աշխատող մարդ կա: Ինչու՞ է մեր երկրում թոշակը ցածր կամ երբ կլինի այնքան, որ չնեղվենք, որ նորմալ թոշակ ենք տալիս մարդկանց: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից լինի 200-300 տոկոսով ավել, իսկ մենք մեր երկրում աշխատանքն էլ չենք խրախուսում, անընդհատ պատճառ ենք ման գալիս հիմնավորելու, թե մարդն ինչի պիտի չաշխատի, որովհետև մենք հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս. սա ապապետական մոտեցում է, չաշխատող մարդուն մենք ինչի՞ ենք փող տալիս, մեկը կարա՞ ինձ բացատրի»:

«Երեկ շատ խոսվեց պարգևավճարների մասին, Ֆինանսների նախարարին ասացի՝ հլը բաց ու տուր տվյալները, թե աշխավարձերի ու թոշակների հաշվին ինչքան պարգևավճար է ստանում պետական մարմինը: Որպեսզի շատ չխառնենք, կառավարության սոցիալ-տնտեսական բլոկը վերցրինք, եթե կտրենք ամբողջ աշխատավարձն ու պարգևավճարները, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարանք բարձրացնենք 9000 դրամով»,-ընդգծեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ