Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է. Նիկոլ Փաշինյան

«Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է՝ մեր բոլորիս, կամ մեր ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք , պնդում ենք, հավատում ենք, երբեմն, կամ հաճախ կամ գրեթե միշտ իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը, խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած. սա կրկնում եմ, որ որևէ մեկն իրեն մեղադրվողի կարգավիճակում չզգա»,- ԱԺ-ում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումն առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը կարևոր է զարգացումն ու առաջընթացը ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար: Իսկ ինչու՞ է անհրաժեշտ պետության հարատևությունը, որովհետև միայն պետությունն է մեր ազգային ինքնության ու զարգացման գրավականը ու այդպես եղել է միշտ, բայց մենք նույնիսկ սա մինչև վերջ չենք գիտակցել»,-նշեց վարչապետը և հավելեց.«Կա պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողվուրդ, չկա պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ, ի դեպ, մենք մինչև այսօր որպես ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը բարեբախտաբար, ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք և պատճառներից մեկն է, որ մեզ թույլ է տալիս ունենալ անկախ պետություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ