Եթե ժամանակին կրթությանն ու գիտությանը պատշաճ ուշադրություն դարձվեր, այսօր լրիվ այլ որակի երկիր ու տնտեսություն կունենայինք. Թունյան

2025 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձավ ընդդիմության քննադատություններին՝ կապված պետական պարտքի հետ՝ դրանք որակելով «թվային մանիպուլյացիաներ»:

«Օրինակ՝ ես հիմա կարող եմ մի թիվ հնչեցնել, որը բացարձակ ճշմարտություն է: Օրինակ՝ կարող եմ ասել, որ 2021 թվականի օգոստոսից սկսած՝ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները միասին մինչ օրս ստացել են 550 միլիոն դրամ աշխատավարձ՝ գումարային, ու սկսեինք դատողություններ անել: Իմաստը ո՞րն է: Բա պետք է ստանայիք այդ աշխատավարձը: Դնեի ասեի՝ իսկ դուք պատկերացնո՞ւմ եք 550 միլիոն դրամով քանի դպրոց կարելի էր վերանորոգել: Մարդիկ ձեզ ընտրել են, պատգամավոր եք աշխատում, իսկ թե ոնց եք աշխատում, դա մենք չենք դատելու»,- ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, թե ամեն մի մարդու վրա պարտքի բեռ է դրվել, ապա պարզաբանեց՝ պետական պարտքը կուտակային ցուցանիշ է՝ պաշար:

«Պետական պարտքը ցույց է տալիս այդ պահին եղած պարտքի չափը: Այս 12 միլիարդ դոլարը, որ դուք նշում եք, մենք չենք զրոյից սարքել 12 միլիարդ դոլար: 2018 թվականին արդեն պետական պարտքը այդ գումարի կեսն էր: Ասում եք՝ 6 տարում պետական պարտքը երկուսուկես անգամ աճել է: Շատ հետաքրքիր է՝ ոնց եք այդ հաշվարկը արել:

2018-ին պետական պարտքը եղել է 3,3 տրիլիոն դրամ, այս տարվա վերջին կանխատեսվում է, որ կլինի 5 տրիլիոն դրամ: Աճել է 1,5 անգամ կամ 50 տոկոսով: Դուք գիտեք, որ այդ պարտքը աճել է 2020 թվականի իրադարձությունների հետևանքով՝ եղել է պատերազմ, քովիդ, կարիք է եղել պարտք ավելացնել, նույնկերպ, ինչպես 2009 թվականի ճգնաժամից հետո ՀՀ պետական պարտքը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճեց»,- պարզաբանեց Թունյանը:

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի քննադատությանը, թե իշխանությունը պարտքի հաշվին դպրոց ու մանկապարտեզ է կառուցում, հակադարձեց՝ արդյո՞ք դրանով վատ բան է ասում իշխանության հասցեին:

«Իմ կարծիքով՝ շատ լավ բան եք ասում: Բա դպրոցից ու մանկապարտեզից ավելի կարևոր ներդրում կա՞ ապագայի մեջ: Եթե ժամանակին կրթությանն ու գիտությանը պատշաճ ուշադրություն դարձվեր, այսօր լրիվ այլ որակի երկիր ու տնտեսություն կունենայինք: Ասում եք՝ իսկ ո՞ւր են այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվել: Ինչի վրա որ ծախսվել են ներգրավված միջոցները, կարող եք տեսնել ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, մնացածի մեջ, իսկ թե ինչի վրա է ծախսվել մինչև 2018-ը ներգրավված վարկային միջոցների մի զգալի մասը, եթե տեղը ուզում եք, կարող եք բացել ապօրինի գույքի քննվող գործերը և կտեսնեք՝ դրանք ուր են»,- հավելեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին վերաբերող քննադատությանը, պարզաբանեց՝ Կառավարության ծրագիրը վերաբերում է 2021-2026 թվականներին, և այդ ժամանակահատվածի համար մեր միջին տնտեսական աճը կազմում է ավելի քան 7 տոկոս:

«Այսինքն՝ այն, ինչ մենք խոստացել ենք»,- ավելացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ի հետ կապված քննադատությանը, ասաց՝ տարբերությունը նախկինի ու ներկայի միջև այն է, որ հենց իրենք են բարձրացնում այդ հարցերը:

«ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի: Չի եկել մեզնից հետո ուրիշ իշխանություն ու բացահայտել, թե ինչ է կատարվում»,- հավելեց Բաբկեն Թունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ