Մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։
Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է նաև վարչական շենքի մասնակի հիմնանորոգում, իսկ Մյասնիկյան բնակավայրում՝ Մշակույթի տան հարակից այգու բարեկարգում։ Երկու ծրագրերի մասով էլ աշխատանքները կատարված են 95 տոկոսի չափով։
Բնակիչների քվեարկությանը նախապես ներկայացված է եղել 4 ծրագիր, քվեարկությամբ հաստատվել են վերը նշված ծրագրերը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում ծանոթացել է մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքին։
Մասնակցային բյուջետավորման գործընթացում ներգրավված են պիլոտային չորս համայնքներ, որոնց 2024 թվականի ընթացքում պետբյուջեից տրամադրվել է մոտ 500 մլն դրամ գումար։ Եվս 17 համայնքներ ցանկություն են հայտնել միանալու այդ նախաձեռնությանը 2025 թվականի ընթացքում։