68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել Ուրբաթ օրը արտառ

Ուրբաթ օրը արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում: 68-ամյա կինը հիվանդանոցում հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և մահացել: «Հրապարակ»-ին պատմել են, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել և ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ-որ մեկի անփութության պատճառով խմել է շշից, որի մեջ, պարզվել է, սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եղել։

«Միքայելյան վիրաբուժության» ինստիտուտի հանրային կապերի բաժնից «Հրապարակ»-ին տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանել են․

«Նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 68-ամյա պացիենտը, ով տևական ժամանակ է՝ բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում՝ հարազատի ներկայությամբ, ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել։ Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ՝ համապատասխան սարքից և սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է։ Դեպքով զբաղվում են իրավապահները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ