«BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարևոր և արդյունավետ: Ուզում եմ գոհունակությունս արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ իմ շփումների վերաբերյալ: Մի քիչ հնարավոր է տարօրինակ հնչի, որ այդքան երկար խոսակցություն կամ վաղուց, կամ ընդհանրապես չէինք ունեցել, ընդ որում մենք զգում էինք մի փոքր էլ կոռեկտության խնդիր կար, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենակարևոր հատվածը իմ տեսակետից և իմ կարծիքով, այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, իմ կարծիքով ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք՝ այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում, որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրել, որովհետև սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է»,- ասաց վարչապետը և նշեց, որ ինքը ևս ունի որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ և մեծ հաշվով կարող է ասել, որ ըստ էության ռազմավարական գործարքի մասին պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա:
«Հաջորդ կարևորագույն իրադարձությունն այն էր, որ շատ նման է նրան, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը ըստ էության կարող է հասցեագրել փոխադարձ և լիարժեքորեն լինել ընդունելի: Եվ մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին, և ասեմ նաև, որ մենք խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երեկ կամ երկուշաբթի օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- եզրափակեց Փաշինյանը: