«Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին»:
Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե, չնայած այն բանին, որ պաշտպանական Երևանը բազմիցս պնդումներ է արել առ այն, որ ՀՀ-ն չունի որևէ տարածքային պահանջ իր Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ, Ադրբեջանից շարունակում ենք լսել պատասխան պնդումներ, որ, այդուհանդերձ, այդ տարածքային պահանջները կան, և ակնկալում են, որ ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը:
«ՀՀ սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է Հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում:
ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չի պարունակվում:
Երկրորդը՝ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին, որն իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության հռչակագիրը, Հռչակագիրն էլ իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է արևելյան և հարավային Անդրկովկասը:
1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերի տարածքները մասամբ, այսինքն՝ ՀՀ այսօրվա տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով՝ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի, ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով»,- ասաց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում