Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե առողջապահության համապարփակ պարտադիր ապահովագրությունը կգործարկվի 2026 թվականին։
«Մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք և բոլոր խոստումներն իրականացնելու ենք։ Մենք ունենք մոդելի և օրենսդրական փաթեթի կառուցվածքի մասով կոնսենսուս, և առաջիկայում օրենսդրական փաթեթը կգա խորհրդարան»,- ասել է նախարարը։ Նա հավաստիացրել է, որ ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են նախորդ տարվանից, իսկ գործընթացը փուլային կլինի։
«Առաջիկայում կստեղծվի նաև հիմնադրամը, որը կսկսի նախապատրաստական աշխատանքների կարևորագույն փուլը՝ որակի բաղադրիչի իրականացմանը, ենթակառուցվածքների ապահովմանը և ծառայությունների ծավալի ապահովմանը զուգընթաց։ Ես վստահ եմ, որ 2026թ․, մեր ժամկետների մեջ, ապահովագրական համակարգը ներդրված կլինի»,- հավելել է նա։
Ավանեսյանն անդրադարձել է նաև 2025թ. առողջապահական բյուջեին՝ նշելով, որ իր ղեկավարած ոլորտի համար նախատեսված ծախսերը «մեր երազանքների արտահայտումը չեն»։ Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ մեծ մասը կուղղվի օֆերտայի ծրագրին, որի շրջանակում քաղաքացիները կստանան բուժսպասարկում․
«Օֆերտայի ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի ապահովագրության ներդրման համար, և հաջորդ տարի, ինչքան դիմելիություն լինի, պետությունը պարտավորվում է դրանք փոխհատուցել և սպասարկել»,- հավելել է նա։