Շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ ունենալուն. նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է երկրի անվտանգությունն ու տարածաշրջանում ներդաշնակ միջավայրի ստեղծումը։

Միրզոյանն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության շրջանակում կարևոր են տնտեսական կապերի աշխուժացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը, որը ենթադրում է տարանցիկ ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակում և վերակառուցում․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կապուղիների վերագործարկումը, առաջին հերթին՝ երկաթգծերի, հանդիսանում է կարևոր քայլ»,– նշել է նա՝ հավելելով, որ բանակցություններն այս ուղղությամբ ընթանում են ինտենսիվ։ Միրզոյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև խոչընդոտների վերացման գործընթացում առաջընթաց կլինի․

«Խոսելով կապուղիների մասին՝ չենք կարող չխոսել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի, հնարավոր դեպքում այդ սահմանի բացման և, նաև, մեր գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերագործարկման մասին»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա նշել է, որ մեծ նշանակություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու և ենթակառուցվածքների վերագործարկման հարցը․

«Կարս-Գյումրի երկաթգծի շուրջ համատեղ աշխատանքներ են իրականացվում, և դա շոշափելի առաջընթաց է»,- հավելել է նա։

Միրզոյանը նշել է նաև, որ այս տարի Հայաստանում և Ադրբեջանում ստորագրվել է առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Նա վստահություն է հայտնել, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է՝ ապահովելով խաղաղ գործունեության հնարավորություն երկու կողմերում։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մոտ է եզրափակիչ փուլին, և երկխոսությունը վարվում է «կառուցողական մթնոլորտում». «Ես կուզեի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք իսկապես շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»,- ասել է Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ